Մատչելիության հղումներ

Ռուբիոն զգուշացնում է՝ Իսրայելի կողմից Արևմտյան ափի անեքսիայի նախաձեռնությունը կարող է վտանգել Թրամփի խաղաղության ծրագիրը

Լրացված

Իսրայել մեկնելուց առաջ ԱՄՆ պետքարտուղարը զգուշացրել է՝ Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի անեքսիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կարող են վտանգել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում խաղաղություն հաստատելու ծրագիրը:

«Այսինքն՝ սա քվեարկություն է… այո, սա քվեարկություն է Քնեսեթում, բայց ակնհայտ է, որ նախագահը հստակ ասել, որ մենք այս պահին չենք աջակցի դրան, և կարծում ենք, որ այն պոտենցիալ սպառնալիք է խաղաղության համաձայնագրի համար», - երեկ ուշ երեկոյան լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն՝ Իսրայել մեկնելուց առաջ։

Երեկ Իսրայելի խորհրդարանը նախնական հավանություն տվեց Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքների անեքսիայի օրինագծին։ Արևմտյան ափի բնակավայրերում ապրում է մոտ 500 հազար հրեա բնակիչ։ Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրության մեծ մասը բնակավայրերը համարում են անօրինական։ Ի դեպ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը չի աջակցել օրինագծին, որը ներկայացրել էին իշխող կոալիցիայից դուրս գտնվող օրենսդիրները։ Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, խորհրդարանում այն պետք է ևս երեք ընթերցում անցնի։

Նեթանյահուի կառավարությունը քննարկում էր անեքսիան, երբ մի շարք խոշոր արևմտյան դաշնակիցներ հայտարարեցին, որ կճանաչեն Պաղեստին պետությունը՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար՝ Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Հետո, սակայն, Իսրայելի կառավարությունը հրաժարվեց այդ քայլից, երբ ԱՄՆ նախագահը դեմ արտահայտվեց:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել 1967 թվականին Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ գրաված տարածքը։

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ Մարկո Ռուբիոյի Իսրայել այցի նպատակն է՝ աջակցել Թրամփի 20 կետանոց ծրագրի իրականացմանը՝ Գազայի պատերազմը դադարեցնելու և պաղեստինյան պետականության հնարավոր քայլերի ճանապարհ հարթելու համար։

Ռուբիոյից առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էր հանդիպել Իսրայելի վարչապետի հետ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց այս այցերով փորձում են կենդանի պահել Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև փխրուն հրադադարը։

Գազայում զենքերը չեն լռում

Ու չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, Գազայում զենքերը չեն լռում։ Ականատեսների պնդմամբ՝ ամբողջ գիշեր ուժեղ կրակոցներ և տանկային հրետակոծություններ են եղել հարավային Գազայի հատվածում, ինչպես նաև Գազայից արևելք՝ պաղեստինյան անկլավի հյուսիսում։

40-ամյա ֆերմեր Մոհամմադ Աբու Մանսուրը «Ռոյթերզ»-ին պատմել է. «Կրակոցներն ու պայթյունները գրեթե չէին դադարում մինչև առավոտ, իմ երեք երեխաները արթնացան և հարցրին ինձ, թե արդյոք պատերազմը վերսկսվե՞լ է։ Ե՞րբ է այս ամենը ավարտվելու, ե՞րբ մենք կկարողանանք վերադառնալ մեր բնականոն կյանքին՝ առանց վախերի»:

Իսրայելը պարտավոր է ապահովել, որ Գազայի բնակչության հիմնական կարիքները բավարարվեն. Հաագայի դատարանի որոշումը

Եվ այս ֆոնին երեկ Հաագայում Արդարադատության Միջազգային դատարանը խորհրդատվական եզրակացություն է հրապարակել, համաձայն որի՝ Իսրայելը պարտավոր է ապահովել, որ Գազայի քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարվեն։

Նշվում է, որ Իսրայելը պետք է աջակցի ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում իրականացվող օգնության ծրագրերին և այդ թվում՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է դատարանի եզրակացությունը և կոչ արել Իսրայելին «կատարել իր պարտավորությունները»:

Մինչդեռ Իսրայելի ԱԳ նախարարությունը X սոցիալական հարթակում հրապարակած գրառման մեջ վճռականորեն մերժել է դատարանի եզրակացությունները՝ հավելելով, որ «Իսրայելը լիովին կատարում է իր պարտավորությունները՝ համաձայն միջազգային իրավունքի»։

Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացություններն ունեն իրավական և քաղաքական նշանակություն, սակայն պարտադիր չեն կատարման համար:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG