«Զազրելի բարքեր ու բարձիթողի կանոններ. այսօր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին». Հայաստանի վարչապետի հռչակած Վեհարանի ազատագրման գործընթացի չորրորդ ամսում եկեղեցու գործող քահանաներից առաջինը Տեր Արամ քահանա Ասատրյանը հանդես եկավ եկեղեցու բարձրաստիճաններին ուղղված քննադատությամբ։
Նրա գրառման լեզուն մեղմ է, անուններ չենք գտնում, գրում է Ճգնաժամը համերաշխությամբ լուծելու կոչը. «Մենք բոլորս գիտենք, որ հոգևոր իշխանությունը չի կարող առաջնորդվել անձնական կամ խմբիշխանական շահերով։ Այն չի կարող կցված կամ լծված լինել աշխարհիկ շահերի ու ազդեցությունների, լինեն դրանք քաղաքական, կուսակցական, ֆինանսական կամ այլ ուժային խմբերի կամ կենտրոնների սպասարկող և այլն։ Եկեղեցու առաջնորդները կոչված են ծառայելու ոչ թե սեփական շահերին, այլ Աստծո կամքին և ժողովրդի հոգևոր բարիքին»։
«Պարտավոր ենք բարձրաձայնել՝ պահպանելու մեր հավատքի անաղարտությունն ու սրբազան ավանդույթները», - գրում է Տեր Արամ քահանան։ Նա Արագածոտնի թեմի հոգևորականներից է, Սուրբ Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր հովիվը։ Իր գրառման մեջ անդրադառնում է նաև եկեղեցական կանոններին. եկեղեցու բոլոր անդամները, հատկապես առաջնորդները, չճնշեն իրենց գործընկերներին, օգնեն, աջակցեն, անուններ քահանան դարձյալ չի նշում։
«Եկեղեցու ոչ մի անդամի և պաշտոնյայի չծաղրեն, անձնական արժանապատվությունը չոտնահարեն, սպառնալիքի և հայհոյանքի լեզվով չխոսեն։ Իրավական կանոնական պաշտպանության մեխանիզմների անհրաժեշտությունը՝ քահանաների իրավունքների պաշտպանության հարցում», - նշել է նա։
Ըստ Արամ քահանայի՝ եկեղեցական իշխանության ներսում պետք է ստեղծվեն անկախ դատական ու կարգապահական մարմիններ, որոնք, ի տարբերություն այսօրվա հանձնախմբերի, որ հոգևորականի իրավունքների ու արժանապատվության ոտնահարման ատյան են, կքննարկեն քահանաների նկատմամբ կիրառվող միջոցառումները՝ բացառելով անհիմն պատժամիջոցները։
Այսօր Հովաննավանքում հանդիպեցինք քահանային։ Նա, սակայն, հարցազրույցից հրաժարվեց։ Այս գրառումից հետո նա ճնշումներ ու սպառնալիքներ է ստացել: Ումի՞ց, չի հստակեցնում։
«Իմ գրառման արձագանքը եղավ ոչ թե բաց երկխոսության կամ եղբայրական սրտագին հորդորների ձևով, այլ զանգերով, լռեցման թաքուն ու նենգ փորձերով, անանուն ճնշումներով և սպառնալից ակնարկներով։ Ցավոք, սա դարձել է ընդունված գործելակերպ մեր եկեղեցու ներսում», - ընդգծել է քահանան։
Ճնշումների միջոցով իրեն լռեցնելու փորձը համակարգային խորը ճաքերի նշան է համարում քահանան։ Ճշտում է՝ ինքը չի խոսել աղմուկին միախառնվելու համար, խոսել է լուծումներ լսելու ակնկալիքով։ Արդյոք սպառնալիքնե՞ր է ստացել հենց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսից, վերջինս Վեհափառի քրոջորդին է, սրբազանի հետ կապ հաստատել չկարողացանք:
Քահանայի սպառնալիքների մասին ահազանգից հասկանում ենք՝ ճնշումները թեմից են. «Իմ ծառայությունն այս հոտին չի կարող դադարել հեռախոսազանգերով կամ թաքուն եղանակներով տրված հրահանգներով, չկա և չի կարող լինել այդպիսի թեմական իշխանություն, որն ինձ բաժանի իմ համայնքից, քանի դեռ եկեղեցու սրբազան ժողովների հաստատված կանոններով արդար և թափանցիկ քննության փաստված չէ իմ սայթաքումը կանոնական ուղուց»։
Եկեղեցու բարեկարգության ճանապարհը սողալով ու քծնելով չի հաղթահարվում, այն պատկանում է պարզ ճակատ ու Աստծուն անվերապահորեն սիրող, հավատացող ու կյանքի բոլոր պահերին, հույսը միայն նրա վրա դնող սրտապինդներին, գրում է Արամ քահանան։ Նա նաև կուսակրոն բառը հիմնականում չակերտներում է դնում։
Նիկոլ Փաշինյանը Վեհարանը Վեհափառից ազատելու հարցում ի սկզբանե հենվել էր քահանաների վրա, համարել, որ անարդար է, երբ ուխտը խախտած եպիսկոպոսը հոգևոր իշխանություն է, իսկ ամուսնացյալ, ազնիվ ու Աստծուն չխաբող քահանան նրան ենթարկվող։
«Դուք իմ եղբայրներն եք», - քահանաներին ազատագրական պայքարին միանալու էր կանչում վարչապետը։ Մինչև երեկ, սակայն, նրան ոչ ոք չէր միացել։
Եկեղեցու բարձրաստիճաններից Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պնդում էր՝ եկեղեցական կարգ ու կանոնին, Հայրապետի հրահանգներին անվերապահ հնազանդ լինելը նույնպես ուխտ է, որին պիտի ենթարկվեն հոգևորականները։ Իսկ եթե պարզվի կան անհնազանդներ, այսինքն Փաշինյանին միացողներ, ըստ եպիսկոպոսի, կարգապահական հանձնախումբը կզբաղվի։
Մայր աթոռը Հովհաննավանքի հոգևոր հովվի քննադատությանն առայժմ չի արձագանքում։
Իսկ արդյոք այս գրառմամբ Տեր Արամ քահանան միանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի պայքարին ու համաձայն է նրա առաջարկած սխեմային, որ Վեհափառին հեռացնելուց հետո որևէ ամուսնացյալ քահանա է նշանակվում կաթողիկոսական տեղապահ։ Այս հարցի պատասխանը առայժմ չկա։
Նրա քայլը շատ է ոգևորել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված, բայց Վառնայի հայ համայնքի ցանկությամբ տեղի եկեղեցում հովվություն անող Արմեն քահանա Մելքոնյանին։ Միայն թե ասում է՝ ավելի արմատական ու քաջ էր պետք լինել։
«Աղոթում եմ բոլորիդ համար և ունեմ բոլորիդ աղոթքի կարիքը», - տեր Արամ քահանան առայժմ փակագծեր չի բացել, միայն դարձել է առաջին ահազանգողը ներսից։
Ինչո՞վ կավարտվի այս պատմությունը։ Ներեկեղեցական ընդվզումները սովորաբար կարգալուծությամբ են ավարտվում։
Վեց տարի առաջ Հովաննավանքում քահանայության եկած տեր Արամը «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում ամիսներ առաջ էր պատմում՝ սիրով ծառայում է նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում ու Ծաղկեվանքում։