Մատչելիության հղումներ

Էջմիածնում հոգևոր հավաքի մասին կարծիքները տարբեր են, իսկ հոգևորականները հույս ունեն՝ ողջախոհությունը կհաղթի


Էջմիածնի կենտրոնական հրապարակում «վեհարանը վեհի» պլակատներով՝ մեծ հոգևոր հավաքը ուշանում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օր առաջ է ասել՝ պատրաստվեք:

«Ազատություն»-ը Էջմիածնում հանդիպեց մարդկանց, որ անհամբեր են։

Արփենիկ Ահարոնյանը սպասում է՝ վարչապետը օր ու ժամ ասի, ինքն էլ հրապարակ գնա, Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխելը հրատապ է համարում։

Հոգևոր հավաքին մասնակցելո՞ւ եք, հարցը շատերին էր շփոթեցնում, կարծում էին՝ հոգևոր հավաք կաթողիկոսն է պատրաստվում հրավիրել։

«Ես համաձայն չեմ, նա մեր Հայոց կաթողիկոսն է, համայն աշխարհի, ո՞նց կարելի է իրեն հանել», - ասաց մեկ այլ քաղաքացի:

Շատերն արտառոց, անընդունելի, զայրացնող են համարում Վեհարանի ազատագրման Փաշինյանի հռչակած նպատակը։

Իսկ Մայր Աթոռի հոգևորականները աղոթում են՝ Խորեն քահանան ասաց՝ այն հույսով, որ ողջախոհությունը կհաղթի։

Հարցին, թե եկեղեցականների շրջանում տագնապ կա՞, ասաց՝ ոչ, բայց մտահոգված են՝ որևէ բախում չլինի, իսկ ընդհանուր առմամբ իրենք իրենց գործին են։

Երեկ երեկոյան Էջմիածինը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ վարչապետի հոգևոր հանդիպման հրավերը որակել բռնություն հրահրելու փորձ և դիմել իրավասու մարմիններին՝ կանխելու այդ հակաօրինական միջոցառումը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Մայր Աթոռի հաղորդագրության կառուցվածքը պահպանել, բայց բովանդակությունը փոխել էր ու տեղադրել սոցցանցի իր էջում։

«Հորդորում ենք Կտրիճ Ներսիսյանին ու իրեն պաշտպանող խմբակին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել Կտրիճ Ներսիսյանի ուխտազանցության, ինչպես նաև եկեղեցու մի շարք սպասավորների՝ ահաբեկչության ու հեղաշրջման պլանավորման մեջ առերևույթ մասնակցության արդյունքում Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը», - գրել է նա։

Գաբրիել քահանան է արձագանքել փոխխոսնակ Ռուբինյանին. «Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին, ճիշտ կլինի, որ այսուհետև copy-paste անելու ժամանակ ձեր փոքր խմբակի մեջ քննարկեք հայտարարության բուն բովանդակությունը և տրամաբանությունը։ Մասնավորապես՝ ձեր պարագային մի խելքը բավարար չէ խելացի լինելու համար»։

Իսկ Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր գործողության պլան չի ներկայացրել։ Կիրակնօրա՝ Վարդավառի տոնին նախորդող պահքի այս շրջանին հավատարիմ՝ Մատթեոսի Ավետարանից Հիսուսի խոսքերն է մեջբերել։ Պահքի շրջանը սեփական անձը ինքնաքննելու համար է։ Գուցե վարչապետը միտքը փոխի՞, էջմիածնականները հույսը չեն կորցնում։

Նյութի ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG