Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտնեց՝ որտեղից է սկսելու Վեհարանի ազատագրման գործը

Լրացված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հանդիպում է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականության հետ, Էջմիածին, 1-ը հունիսի, 2018թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հանդիպում է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականության հետ, Էջմիածին, 1-ը հունիսի, 2018թ.

Արդեն հայտնի է, թե որ հասցեից է Նիկոլ Փաշինյանն սկսելու Վեհարանի ազատագրման գործը՝ նա Հիսուսին հավատացողներին հրավիրում է Էջմիածնի կենտրոնական հրապարակ: Օր ու ժամ դեռ չի ասել, բայց նրա կիրակնօրյա գրառումից հասկանում ենք, որ այդ հավաքին պետք է գնալ հոգևոր լավ մարզավիճակում.

«Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը: Վեհարանը վեհի': Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:

Վարչապետի այս գրառմանն արձագանքել է ավելի քան 5 հազար հոգի, շուրջ հազարն է զայրացել, մնացածը հավանումներ ու սրտիկներ են: Այլ պատկեր է մեկնաբանություններում. այստեղ «Կտրիճին Վեհարանից կտրելու» մասին գրողներն ավելի քիչ են, քան այսպիսիք՝ «Կնոջս եմ դավաճանել, կարող ա՞ մեր տունն էլ ասպատակեք»:

Փաշինյանի հոգևոր հավաքի կոչին Մայր Աթոռից են քիչ առաջ արձագանքել, սա համարում են հարձակում ու բռնություն հրահրելու փորձ, որը բացահայտ միջամտություն է եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։

«Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։ Միաժամանակ դիմում ենք պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը», - ասված է հայտարարությունում:

Էջմիածնից ժողովրդին կոչ են անում չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու հավատով համախմբվել փորձություններին դիմագրավելու:


Ամենայն Հայոց կաթողիկոսին գահից իջեցնելու մեթոդը վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հրապարակեց. - «Էնպես, ինչպես Հայաստանը ազատեցինք Սերժ Սարգսյանից»:

Այժմ հայտնի է նաև հոգևոր հավաքի վայրը: Ի դեպ, Էջմիածնի հրապարակը հենց Մայր Աթոռի կողքին է:

«Ես ուզում եմ, որ ընտրվի վեհը». - «Վեհարանը վեհի՛» կարգախոսով ու վեհի փնտրտուքով Էջմիածին կգնա նաև Կոջոյան կրթահամալիրի տնօրենը:

«Կտրիճ Ներսիսյանը իմ Վեհափառը չէ, և եթե վարչապետը նախաձեռնել է մի շարժում, որը պիտի ի վերջո ազատագրի Հայ Առաքելական եկեղեցին, ես իր կողքին եմ», - հայտարարում է Ռուզաննա Երեմյանը:

Հոգևոր հավաքի Փաշինյանի հրավերին Երեմյանն արձագանքել էր՝ «Պատրաստ ենք»: Այսօր էլ հատուկ վիդեոուղերձով բացատրել է. - «Ես չեմ կարողանում հասկանալ Կտրիճ Ներսիսյանին, ով կառչել է կաթողիկոսական գահին իր ունեցվածքը պահելու համար»:

Կրթահամալիրի տնօրենը պատմում է, որ 2008-ին մարտի 1-ից հետո առավոտյան ժամերգության է գնացել ու արքեպիսկոպոս Կճոյանից անեծք լսել այդ ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հասցեին: Այդտեղ սասանվել է Երեմյանի հավատը. - «Էդ ցավը, էդ ողբերգությունը երբեք չեմ մոռացել»:

Այժմ կասկած չունի, որ որպես մտավորական ու ուսուցիչ ուղղակի պարտավոր է միանալ վարչապետին ու հեռացնել կաթողիկոսին:

«Հիսուս Քրիստոսը իմ հարազատն է, Հիսուս Քրիստոսը իմ ուսուցիչն է, Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է, Հիսուս Քրիստոսը իմ ինքնությունն է, Հիսուս Քրիստոսը իմ հոգին է, Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է, Հիսուս Քրիստոսը իմ միտքն է, ես ապրում եմ Հիսուս Քրիստոսով», - անցած շաբաթ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը շուրջ 50 օր է համոզում է, որ այս գործին լծվել է որպես ջերմեռանդ հավատացյալ, աղոթող, պաս պահող, սաղմոսներ սերտող:

Այստեղ հարցեր ունի Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը. նա Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդն է, սոցցանցի իր էջի միջոցով է դիմել հարգարժան վարչապետին. - «Որևէ մեկը չգիտի՝ Դուք մկրտվա՞ծ եք կամ ոչ: Ունե՞ք Սուրբ Մկրտության վկայական: Ի՞նչ կասեք այս մասին: [...] Քանի որ արդեն վաղուց չափահաս եք և ապրում եք մի կնոջ հետ, ուրեմն՝ օրինավոր ու Եկեղեցու կարգ ու կանոնով նվիրագործված Սուրբ Ամուսնություն, որն Եկեղեցու յոթը սրբազան խորհուրդներից մեկն է: Ի՞նչ կասեք այս մասին: [...] Կասեք, ե՞րբ եք վերջին անգամ մասնակցել Սուրբ Պատարագի, կատարել խոստովանություն և ստացել Սուրբ Հաղորդություն»:

Եպիսկոպոս Իսախանյանը բացատրում է, թե ինչու են հարցերը կարևոր. եկեղեցու հետևորդը ասելով չի՝ չափանիշներ կան, և եթե ըստ այդ չափանիշների Նիկոլ Փաշինյանը հետևորդ է, ուրեմն եկեղեցականներին քննադատելու, նրանց ավելի լավը տեսնելու, ուխտը պահպանելու պահանջ ներկայացնելու իրավունք ունի. - «Ճիշտ այնպես ու այն նույն չափով, որ ունեն Առաքելական մեր եկեղեցու միլիոնավոր այլ հետևորդներ: Սակայն Ձեր գրառումներից այլ հոտ է գալիս, այնպես է թվում, թե Ձեր նպատակն ակնհայտորեն այլ է»:

Եպիսկոպոսը հիշեցնում է՝ եկեղեցու գործերին միջամտելու իրավունք Փաշինյանը չունի, ունի պարտականություն՝ Ադրբեջանի նախագահին համարժեք պատասխան տալու. - «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե սպասում է, որ Դուք հրապարակներում «հոգևոր հանդիպում» կազմակերպեք, այլ սպասում է լսել Ձեր պատասխանը Ալիևի վերջին բարբաջանք-հոխորտանքներին»:

Ինչ վերաբերում է եկեղեցականների սխալներին ու մեղքերին, թեմի առաջնորդը նշում է. - « Աստված մեզ տեսնում է ոչ միայն դրսից, այլ նաև` ներսից, գիտի մեր ով ու ինչ լինելը: Իմիջիայլոց` գիտի նաև ձեր բոլորի ով ու ինչ լինելը։ Մենք էլ, դուք էլ` Աստծուն ապացուցելու, առավել ևս` համոզելու, ոչինչ չունենք։ [...] Դատելը թողնենք Աստծուն, իսկ մենք օգտվենք մեր քննադատելու իրավունքից»:

Հայաստանի վարչապետը, սակայն, այդ գործը Աստծո հույսին չի թողնի. մնում է օրն ու ժամը:

Ի դեպ, այս կիրակի եկեղեցու հինգ տաղավար տոներից՝ Վարդավառն է՝ Հիսուսի Պայծառակերպության տոնը; Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի մինչև այդ Էջմիածին մտնել, կհամընկնի շաբաթպահքի հետ, որն այսօրվանից է սկսվում: Ըստ եկեղեցական կանոնների՝ մինչև կիրակի եկեղեցու հետևորդները պիտի աղոթեն, Սուրբ Գիրք կարդան ու խորհրդածեն:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG