Մատչելիության հղումներ

Արդյոք Միքայել Աջապահյանը հեղաշրջման կո՞չ էր անում. դատարանն անդրադարձավ նաև այս հարցին


Ի՞նչ է կոչը, և արդյոք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հեղաշրջման կո՞չ էր անում. դատարանն այսօր ապացույցների հետազոտման փուլում այս հարցին էլ անդրադարձավ, երբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց փաստաբանական թիմի միջնորդությունը՝ չնայած դատախազի առարկությանը։

Իսկ փաստաբանները պահանջում էին բառերի ստուգաբանություն: Ներկայացրեցին փորձագետների վերլուծությունը. - «Այդ նախադասություններում Աջապահյանը կոչով չի դիմում որևէ մեկին, որևէ մեկին չի հրավիրում, չի կանչում, այլ պարզապես արտահայտում է իր սեփական կարծիքը՝ վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը, ինչի մասին արտահայտում է իր գնահատողական դատողությունները նախագահներ Քոչարյանի և Սերժի պահվածքի մասին: Ավելին՝ այս նախադասություններում Աջապահյանը վերապատմում է նախկինում իր արտահայտած կարծիքները ու վերլուծում դրանք՝ պարզապես արտահայտելով դատողություններ առանց կոչի»:

Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա նախկինում արված մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունը հետագայում կրկնել է։

Փաստաբանական թիմի 2-րդ միջնորդությունն էլ վերաբերում էր հենց այս հանգամանքին։ Որպես ապացույց ներկայացվեց 2023-ի մի տեսանյութ, որտեղ հնչել էր, ըստ մեղադրող կողմի, հեղաշրջման կոչը, և որում մեկ տարի առաջ դատախազությունը հանցակազմ չէր գտել։ Չնայած դատախազի առարկությանը՝ դատավորը բավարարեց այս միջնորդությունը ևս։

Երրորդ միջնորդությամբ էլ փաստաբանները պահանջում են վարույթ ընդունել այն հանգամանքը, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում քննչական գործողություններ կատարելիս Շիրակի թեմի առաջնորդի լիազորված ներկայացուցչին չեն թողել մասնակցել։

Որպես ապացույց ներկայացվեց «Ազատության» ռեպորտաժներից մեկը, որտեղ փաստաբան Թամարա Յայլոյանը դժգոհում է՝ լիազորագրով չի կարողացել ներգրավվել:

Դատարանն այսօր ապացույցների հետազոտությունից բացի անդրադարձավ նաև դրանց անթույլատրելիությանը, որի ընթացքում պաշտպանական թիմը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել սրբազանի օրագիրը:

Դատական այս գործընթացը բավական արագ է ընթանում։ Գրեթե ամեն օր նիստ կա, որոշները շարունակվում են աշխատանքային ժամի ավարտից հետո: Ամենայն հավանականությամբ այս շաբաթվա ընթացքում կլսենք և՛ մեղադրական, և՛ պաշտպանական ճառերը։

Մեղավոր ճանաչվելու դեպքում արքեպիսկոպոս Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG