Մարդը դատվում է իր մտքի համար, դա իր օրագիրն է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանն այսպես արձագանքեց, երբ այսօր դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը որպես ապացույց ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդի օրագիրը։
«Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ բան է տեղի ունեցել՝ մարդը դատվում է ոչ միայն իր խոսքի, կարծիքի, այլ նաև՝ մտքի համար: Որովհետև եթե մի բանի վրա գրված է օրագիր, դա տվյալ մարդու միտքն է, և եթե հանկարծ սրբազանը մի օր մտածեր, որ դա հանրայնացվելու է, հաստատապես էդ օրագիրը չէր վարի: Դա մարդու անձնական մտքերն են: Մարդը հիմա դատվում է ոչ միայն իր խոսքի համար, այլ էդ խոսքի ապացուցմանը վրա է հասնում մտքերը», - հայտարարեց Ֆարմանյանը:
Դատարանն այտօր շարունակեց Աջապահյանի գործով ապացույցների հետազոտումը։ Սրբազանի օրագիրը թերևս առանցքային դեր ունի այս գործում, այստեղ անձնական տվյալներ կան։ Բայց Միքայել Աջապահյանը դեմ չէր, որ այն ընթերցվի դռնբաց նիստում։
Ապացույցների հետազոտման ժամանակ նախորդ նիստում ներկայացվել էին տեսանյութեր։ Դրանցից մեկում երևում էր՝ ինչպես են իրականացվել քննչական բոլոր գործողությունները։ Փաստաբանական թիմը նախորդ նիստում էլ, այսօր էլ պնդեց, որ այդ գործողությունները տեղի են ունեցել լրջագույն խախտումներով, և հենց այդ պատճառով՝ թերահավատ են ներկայացված ապացույցների վերաբերյալ:
Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
Պաշտպանական կողմն այսօր իր ապացույցները ներկայացնելիս հիշեցրեց, որ մեղադրանքի հիմքում հենց նույն տեսանյութն է, որտեղ իրավապահները հանցակազմ չեն հայտնաբերել:
Այս փուլում սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նիստերի ընթացքում իր դիրքորոշումն է հայտնում փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ։ Դատարանի դահլիճից նա հայտարարեց, որ չի ընդունում իրեն մեղսագրվող հոդվածը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում: