Դատարանը բավարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների ներկայացրած երեք միջնորդությունները:
Առաջին միջնորդությամբ փաստաբանները պահանջում են ներգրավել փորձագետների՝ պարզելու սրբազանի խոսքում հեղաշրջման կոչ կա, թե՝ ոչ։ Երկրորդով՝ հետազոտել 2023-ի սկավառակը, որտեղ Աջապահյանը խոսում է հեղաշրջման մասին և որում մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր գտել։ Երրորդ միջնորդությամբ էլ փաստաբանները պահանջում են քննել այն հանգամանքը, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում քննչական գործողություններ կատարելիս Շիրակի թեմի առաջնորդի լիազորված ներկայացուցչին չեն թողել մասնակցել։
Դատարանն այսօր շարունակում է հետազոտել Միքայել Աջապահյանի գործով ապացույցները։
Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում: