Թեև Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքը արգելում են կամայական ձերբակալությունն ու յուրաքանչյուր քաղաքացու իրավունք տալիս դատարանում վիճարկել ազատազրկման օրինականությունը, Հայաստանի կառավարությունը միշտ չէ, որ պահպանել է օրենքի այդ դրույթները, պնդում է ԱՄՆ պետդեպարտամենտի Մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը։
Ամփոփելով 2024-ի զարգացումները՝ Պետդեպն արձանագրել է՝ ըստ իրավապաշտանների՝ ոստիկանությունը երբեմն անձանց ձերբակալել է որպես պատիժ առանց պաշտոնական մեղադրանքների: Փաստաբանները նաև նշել են, որ միևնույն հանգամանքներում ձերբակալված անձանց նկատմամբ դատարանները հաճախ միմյանցից տարբերվող որոշումներ են կայացրել։ Զեկույցը նշում է, որ կան հավաստի հաղորդումներ նաև պետական պաշտոնյաների կողմից իրականացվող կտտանքների ու խոշտանգումների վերաբերյալ։
Այս շարքում Պետեպը մեջբերել է տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ահազանգը, թե իրավապահները խոշտանգել կամ բռնության են ենթարկել կալանքի տակ գտնվող անձանց՝ մնալով անպատիժ:
«Պաշտոնյաները հաճախ այդ դեպքերը հետաքննել են իշխանության չարաշահման մեղադրանքով, ինչը հանգեցրել է ավելի մեղմ պատիժների», - արձանագրում է զկույցը, հիշեցնելով՝ անցած տարվա հուլիսի 25-ին Վճռաբեկ դատարանը որոշեց, որ քննչական մարմիններն արդյունավետ կերպով չեն հետաքննել խոշտանգումների մեղադրանքները, առաջին ատյանի դատարաններն էլ պատշաճ կերպով հաշվի չեն առել հետաքննության բացակայությունը:
Պետդեպի զեկույցն այս շարքում առանձնացնում է երկու դեպք։ Մեկը վերաբերում է 2022-ի բողոքի ցույցերի մասնակիցներից մեկին, ով ահազանգել էր, թե իրեն բռնի ձերբակալել ու բռնության են ենթարկել, սակայն դատախազությունը մերժել էր քննություն իրականացնել՝ ստիպելով տուժողին դիմել դատարան։
«Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց, որ քննչական մարմինը արդյունավետ քննություն չի անցկացրել ոստիկանության կողմից խոշտանգումների մեղադրանքների վերաբերյալ և խախտել է տուժողի իրավուքները»,- փաստում է Պետդեպը, հավելելով՝ ըստ իրավապաշտպանների՝ ոստիկանական բռնությունների համար մեղավոր անձնինք հաճախ մնացել են իրենց պաշտոններում, որոշ դեպքերում պաշտոնի բարձրացում ստացել։
Մյուսը ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի դեպքն է, ում անհայտ անձինք բռնության էին ենթարկել, երբ նա գտնվում էր ոստիկանների հսկողության ներքո։
«Դիմակավորված անձինք քաղաքացիական հագուստով, ենթադրաբար, Վարդանյանին մեքենայից դուրս են քաշել, գետնին տապալել, հայհոյել, սպառնացել, ծեծել, բռնության ենթարկել և նվաստացրել»,- արձանագրում է զեկույցը, հավելելով, որ Քննչական կոմիտեն դեպքի շուրջ հետաքննություն է սկսել։
Սկզբում հենց տեղի ունեցածը ինքնասպանություն որակելը նվազեցնում է հանցագործության բացահայտման հավանականությունը
Զեկույցն անդրադառնում է նաև բանակում խաղաղ պայմաններում շարունակվող մահվան դեպքերին, ընդգծելով՝ իրավապաշտպանների և զոհերի ընտանիքների կարծիքով՝ իրավապահները պատշաճ քննություն չեն իրականացնում, և սկզբում հենց տեղի ունեցածը ինքնասպանություն որակելով՝ նվազեցնում են հանցագործության բացահայտման ու արդարադատության հավանականությունը։
Կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել նախկին և պատժելու համար
Զեկույցը հիշեցնում է նաև 2023-ի հուլիսին ու օգոստոսին ոստիկանական կալանքի տակ գտնված անձանց մահվան դեպքերը, որոնք ենթադրաբար դուրս էին ցատկել պատուհանից։ «2024-ի տարեվերջին դեռ այս գործերով որևէ ոստիկանի մեղադրանք չէր առաջադրվել», - արձանագրում է Պետդեպարտամենտը, հավելելով, - «Կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտումներ կատարած նախկին և գործող պաշտոնյաներին գտնելու և պատժելու համար։ 2020-ին ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննություններում առաջընթաց չի գրանցվել»։
Խոսքի ազատության մասին
Խոսքի ազատության բաժնում զեկույցը փաստում է, որ Կառավարությունը, ընդհանուր առմամբ հարգել է այս իրավունքը, թեև եղել են բացառություններ։
«Լրագրողները երբեմն ենթարկվում էին բռնության, հետապնդման կամ սպառնալիքի իշխանությունների կամ իշխանությունների անունից գործող անձանց կողմից»,- արձանագրել է Պետդեպը՝ մեջբերելով «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» տվյալներ, որոնց համաձայն՝ 2024-ի երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի թիվն աճել է՝ բողոքի ցույցերի ֆոնին։
Լրագրողները, մասնավորապես անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտնել են ճնշման և սպառնալիքների մասին՝ կառավարության բարձր մակարդակի կոռուպցիան լուսաբանելու և պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու վերաբերյալ հարցեր բարձրացնելու համար: Պետդեպը հիշեցնում է, որ անցած տարի գարնանը «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրել է՝ հայաստանյան իշխանական վերնախավի լրագրողների դեմ ուղղված հռետորաբանությունը, փաստելով, որ «լրագրողներին կոռուպցիայի ու ընդդիմությանը ծառայելու մեջ մեղադրող ելույթները խթանում են երկրում անհանդուրժողականության մթնոլորտը՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը»:
Միաժամանակ, զեկույցը փաստում է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում նաև նշանակալի դրական փոփոխություններ են եղել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Մասնավորապես, կառավարությունը ամուսնության օրինական տարիքը բարձրացրել է մինչև 18 տարեկան, բացի այդ, իշխանությունները օմբուդսմենի հետ համատեղ անհապաղ արձագանքել են Հայաստանում 2024-ին տեղի ունեցած հակասեմական միակ միջադեպին՝ խստորեն և հրապարակային դատապարտելով այն։