«Պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն». վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է Սյունիքում քաղաքացիական ենթակառուցվածք խոցում: Խոզնավարում բնակելի տներից բացի նաև մանր եղջերավոր անասուններ են հայտնվել ադրբեջանական գնդակների թիրախում:
«Պոստից հլնում են մի 20, 30 մ վերև ավելի տեսանելի է գյուղն էլի դառնում։ Հստակ էլ գյուղին են կրակում։ Սաղ էլ խաբում են, որ ասում են՝ գյուղին վրա չեն կրակում, պրոստը կրակում են։ Սուտ են ասում՝ կրակում են, հենց ցելով կրակում են գյուղի վրա», - ասաց բնակիչներից մեկը։
Խաղաղության փոխարեն ամիսների շարունակ ադրբեջանական կրակոցների տակ լուսացնող Խոզնավարի բնակիչները վստահ են՝ հակառակորդի գնդակները պատահական չեն՝ ադրբեջանական զինուժը կանխամտածված դիրքերից շարժվում և հնարավորինս մոտենում է գյուղին, քանի որ բնակելի տները սահմանից այդ աստիճան խոցելի չէին լինի։
«Կրակոցները՝ 8 հատ, 9 հատ, 10 հատ կրակում են ու լրիվ էլ թիրախավորվում է, տենց սաղի տանիքներն էլ կպնում է, շատ մարդ էլ կա, չեն էլ ասում, չեն էլ խոսում, թաքուն են, պահում։ երեկոյան էլ, առավոտն էլ, գիշերն էլ ,տարբեր ժամերի կրակում են, ու մինչև հիմա կրակելուց են եղել, ասենք, որ պահ է եղել, անկանոն է եղել, տանիքների կպել է, բայց հիմա արդեն լրիվ թիրախավորված են կրակում։ Էսա քանի օր տենց է», - ներկայացրեց բնակիչը:
Մինչ Սյունիքի երկու գյուղերում՝ Խոզնավարում ու Խնածախում տներ են վնասվում, իսկ մարդիկ վախենում են անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվել, միջազգային հանրությունից շարունակվում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու կոչերը: Երեկ Երևանում, այսօր էլ Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքն է հանդիպել արտգործնախարարների հետ, քննարկել հայ - ադրբեջանական կարգավորումը:
Իսկ Երևանում իշխանությունը շարունակում է վստահեցնել՝ «խաղաղության օրակարգից» չեն շեղվելու ու «սադրանքների չեն տրվելու»:
«Շարունակելու ենք շարժվել խաղաղության մեր օրակարգով: Մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել սահմանային հատվածը, տվյալ միջադեպերը քննության առնել և պարզել, թե որ կողմն է միջադեպերը հրահրում, ինչպես է դա տեղի ունենում և դրանց կանխման ուղղությամբ: Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել: Եվ Հայաստանի Հանրապետությունն այդ սադրանքներին չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից», - նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Իշխող խմբակցության քարտուղարը միևնույն ժամանակ վստահեցրեց՝ Լուսնի վրա չեն ապրում՝ գիտեն, որ կրակում են ու իրենք էլ էսկալացիայի վտանգ տեսնում են:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը պատահական չի համարում Վաշինգտոնից ու Մոսկվայից հնչած հայտարարությունները, որոնք, ըստ պատգամավորի, առնվազն հուշում են էսկալացիայի մասին:
Օրերս ԱՄՆ պետքարտուղարն էր Ադրբեջանի Հայաստան ներխուժման վտանգին անդրադարձել, ապա Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր հայտարարել՝ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է: Ադրբեջանը հենց Սյունիքով է միջանցք պահանջում Հայաստանից դեպի իր էքսկլավ Նախիջևան:
«Դրա մասին խոսում են գերտերությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների պատասխանատուները, դրա մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ պաշտոնյաներից: Հասկանալի է դառում, թե ինչքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային դրության մեջ՝ հաշվի առնելով մեր բարեկամ և հարևան Իրանի շուրջ իրադարձությունները, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և աշխարհակարգի, միջազգային իրավունքի վիճակը», - ընդգծեց Մամիջանյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ ու այսօր արձանագրել է խաղաղ բնակչության թիրախավորումը, կրկին կոչ արել է Ադրբեջանին հետաքննել գնդակոծման փաստն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով: Ազգային ժողովում երեկ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց, թե ստացել են Ադրբեջանի պատասխանը. - «Հրաժարվել են, որ դա իրենք են արել»:
Ջարդված տանիքների, վնասված պատուհանների ու կրակից սատկած անասունների ֆոնին Ադրբեջանը երեկ ու այսօր ոչ միային հերքել, այլև բացարձակ սուտ է որակել հայկական կողմի հաղորդագրությունը:
Ընդդիմադիր 2-րդ ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ադրբեջանական հերքումները չեն զարմացնում, այլ հայկական կողմի անվրդով արձագանքը՝ Ադրբեջանի պարզաբանումներին:
«Իսկ ո՞վ է կրակել, հանգուցյալ Ալեքսանդր Պուշկինը, Գրիբայեդովը....: Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը հիմքեր է նախատեսում Հայաստանի Հանրապետության դեմ հերթական ագրեսիայի համար, իսկ Փաշինյանի իշխանությունները փոխանակ հիմքեր ստեղծեն պաշտպանելու ՀՀ-ին, մեղավորներ են փորձում կանխել՝ այ, եթե Մայր աթոռը այս խորհրդաժողովը չկազմակերպեր, հարձակում չէր լինի», - ասաց Խաչատրյանը:
Շարունակական կրակոցների ֆոնին ադրբեջանական զինված ուժերում դարձյալ վարժանքներ են անցկացվել ընդհուպ համազարկային կրակի «Սմերչ» համակարգերի կիրառմամբ: Հարևան երկրում գրեթե ամեն ամիս են զորավարժություններ անցկացվում, վերջին շաբաթներին նաև Թուրքիայի ու Իրանի հետ համատեղ: Իսկ մինչ այս Սյունիքի մարզում ադրբեջանական կրակոցների տակ ապրող մարդկանց հազվադեպ այցելող պաշտոնյաները, հենց բնակիչների փոխանցմամբ, ասել են՝ մի վախեցեք: