Այսօր՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ կից լուսանկարներ հրապարակել։
Երևանը կոչ է անում Բաքվին՝ հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի հայտարարություններին։
Նախօրեին ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել, տուժածներ չկան: Գերատեսչությունը նաև վնասված լուսամուտի լուսանկարներն էր հրապարակել:
Ադրբեջանն հերքել է հայկական կողմի այս հաղորդումը:
Թեև այս տարվա մարտի 13-ին կողմերը հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է, սակայ գրեթե երկու ամիս է Բաքուն ու Երևանը հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։
Խնածախից նախօրեին «Ազատության»-ը հայտնել են, որ վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների ժամերը փոխվել են: Կրակում են նաև վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ, երբ մարդիկ դուրս են գալիս գյուղատնտեսական աշխատանքների համար:
Անցած շաբաթ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտոիղար Արմեն Գրիգորյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց, որ Հայաստանը խնդրել է Բաքվին՝ դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտումների մասին՝ նշելով, որ «Հայաստանը հետաքննություն է կատարել Բաքվի հայտարարած բոլոր միջադեպերի վերաբերյալ և փոխանցել է Ադրբեջանին»։
Ըստ Գրիգորյանի՝ հայկական կողմի կատարած հետաքննության համաձայն, «ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել»։
ԱԽ քարտուղարը միևնույն ժամանակ նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն հետաքննություն։