Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի անհանգիստ գիշերները շարունակվում են. բնակիչները պատմում են՝ ամեն ուշ երեկո, նույն ժամին հրաձգությունը վերսկսվում է: Ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները նախորդ օրերին սահմանային միջադեպերի մասին չեն հաղորդել, Խնածախից, սակայն, ահազանգում են՝ հանգստյան օրերին ադրբեջանական կրակից գյուղի տանիքներից մեկն է վնասվել:
Բնակիչներից մեկը չձայնագրվելու պայմանով պատմեց՝ իրենց հարևան տներից մեկի տանիքի թիթեղն է վնասվել, տունը, սակայն, դատարկ է, ապրողներ չկան, տեղի ունեցածի մասին հայտարարությունների բացակայությունը «Ազատության» զրուցակիցը հենց այս հանգամանքով է պայմանավորում:
Խնածախի ու հարևան Խոզնավարի բնակիչները գիշերային կրակոցների ներքո են լուսացնում արդեն մեկուկես ամիս. այս ընթացքում, սակայն, գյուղերի ուղղությամբ կրակի մասին Պաշտպանության նախարարությունը չորս անգամ է հաղորդել, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել:
Պաշտպանական գերատեսչությունը հիմնականում ադրբեջանական կողմի՝ իրենց դիրքերը թիրախավորելու մասին մեղադրանքներն էր հերքում՝ ամեն անգամ կրկնելով սահմանային միջադեպերը քննելու Երևանի առաջարկը, որը, սակայն, Ադրբեջանը հետևողականորեն անարձագանք է թողնում:
Այսօր լրագրողները խորհրդարան այցելած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից փորձեցին պարզաբանումներ ստանալ: Փոխնախարարը հայտարարեց՝ եթե կրակոցների ինտենսիվությունը պահպանված լիներ, հաղորդագրություն կհետևեր. - «Եթե նման դեպքեր արձանագրվում են, [նախարարությունն] անպայման իրազեկում է հանրությանը ... Եթե պահպանված լիներ, ապա կլիներ հաղորդագրություն»:
Խնածախցիները, մինչդեռ, պատմում են՝ շարունակական կրակոցների պատճառով իրենց կենցաղը փոխվել է: Ասում են՝ երեկոյան տանն են փակվում, դուրս չեն գալիս, անգամ խուսափում են պատուհանների մոտ գտնվել: Գյուղատնտեսական աշխատանքները նույնպես տուժում են, անասունների թիվը նվազում է, մի քանի ընտանիք այժմ գյուղից տեղափոխվելու մասին է մտածում:
իրավիճակն առանձնապես չի տարբերվում հարևան Խոզնավարում, այնտեղ էլ նույն ժամին՝ երեկոյան 22:30-ի սահմաններում կրակոցները վերսկսվում են:
«Էլի կրակում են, նույն ձևն ա, նույն չափսն ա, նույն ժամերին», - «Ազատությանն» ասաց Խոզնավարի բնակիչը:
«Ամառն ա դժվար ըլնելու, էլի, ամառը, որ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց, մեկ ա, էլի գյուղ տեղ ա, էլի գիշերն էլ ենք գործ անում, մինչև 12-ը, 11-ը, բան, գործ ենք անում», - ընդգծեց «Ազատության» զրուցակիցը:
Շուտով ընտանիքների ունեցած սակավաթիվ անասուններին պահելն էլ կարող է խնդիր լինել, կենդանիներին պետք է արոտավայր տանել. - «Սկի էդ անասնապահությունն էլ նորմալ չկա, էլի, մարդիկ, տարածքները, որ չկա, ահագին թեթևացրել են, մարդիկ մի իրեք-չորս հատ են պահում»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանային իրադրությանը վերջին անգամ մեկ շաբաթ առաջ է անդրադարձել՝ դարձյալ հերքելով հրադադարը խախտելու Ադրբեջանի մեղադրանքը: Մեկ շաբաթ է՝ լուռ է նաև ադրբեջանական կողմը:
Շարունակվող կրակոցների ֆոնին, պաշտոնական Բաքուն այսօր տեղեկացրել է ծովային հետևակի մասնակցությամբ անցկացված վարժանքների մասին: Մայիսի առաջին հինգ օրերի ընթացքում սա ռազմական վարժանքների մասին Ադրբեջանի երկրորդ հայտարարությունն է: Հարևան երկրում գրեթե ամեն ամիս զորավարժություններ են անցկացվում: