Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը մինչև մայիսի վերջին օրը ծրագրում է հանդիպումներ իշխանականների հետ, որ անձամբ բացատրի՝ ինչու պետք է անվստահություն հայտնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցով պատգամավորների հայտարարած բոլոր հանդիպումների համար արդեն գրանցվել է:
Այսօր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պետք է ընդուներ ու լսեր քաղաքացիներին: Նախապես գրանցված Էդգար Ղազարյանը պարտաճանաչ ուղիղ ժամին խորհրդարանում էր, բայց նրան թույլ չտվեցին անցակետից այն կողմ անցնել: Խորհրդարանից փոխանցեցին, թե Ռուբինյանը նպատակահարմար չի համարում քաղաքացի Ղազարյանին ընդունել:
«Զարմացած եմ այսպիսի պատասխան լսելու. այլ բան է՝ ես նախաձեռնեմ, ինքը մերժի հանդիպումը, բայց իրենք են նախաձեռնողը», - ասաց Էդգար Ղազարյանը:
Փաշինյանի իշխանության կոշտ քննադատն ասաց՝ անսպասելի էր, որ իրեն կմերժեն: Ենթադրում է, որ միայն ինքն է այդ ցանկից դուրս մնացել: Քաղաքացիների ընդունելությունը չեղյալ չի հայտարարվել: Մերժված Ղազարյանը խորհրդարանից հեռացավ՝ զգուշացնելով՝ կբողոքի:
Մինչև ԱԺ փոխնախագահը Էդգար Ղազարյանը սպասում էր տարածքային կառավարման հանձնաժողովի հետ հանդիպմանը: Այս դեպքում ընդդիմադիր Ղազարյանը անցակետը անցավ, հասավ ընդունելության սրահ, բայց ՔՊ-ականները չէին եկել: Նրան ընդունեց տարածքային կառավարման հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը:
Էդգար Ղազարյանն այս ընդունելությանն ակնկալում էր հանդիպել հատկապես հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վահե Ղալումյանին, ով նախկինում Տավուշի մարզպետն էր: Բայց ոչ նա էր եկել, ոչ էլ նրա թիմակիցները:
Ընդդիմադիր Ղազարյանը երկու շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նամակներ էր փոխանցել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք դեսպան ու մարզպետ աշխատած Ղազարյանը, որ պայքարում է Փաշինյանին հեռացնելու համար, նամակներից հետո ուզում է պատգամավորներին հանդիպել ու դեմ առ դեմ բացատրել՝ ինչու պետք է համախմբված պաշտոնանկ անեն Նիկոլ Փաշինյանին:
Ղազարյանի հաջորդ այցը մայիսի 13-ին է, ԱԺ մյուս փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ ընդունելությունը՝ շաբաթվա վերջ:
Մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.