Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց խորհրդարանական ընդդիմությունը կնախաձեռնի՞, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: Ընդդիմադիր երկու խմբակցություններից էլ ասում են՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն առաջիկայում: Բայց մինչ այդ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու շուրջ կողմ կամ դեմ լինելու հարց առհասարակ չկա, իրենք Փաշինյանին հեռացնելն առավել քան հիմնավոր են համարում, բայց հարց ունի նախաձեռնողներին՝ ինչպե՞ս են գտնելու պակասող ձայները:
«Մենք կարծում ենք, որ փողոցային ճնշման դեպքում է դա հնարավոր, այ թե դա ինչպես անենք՝ էս է հարցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել:
Խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու համար երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները անգամ չեն բավարարում, որ նրանք Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնեն՝ անհրաժեշտ 36-ի փոխարեն ունեն 34-ը, իսկ որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը: «Քաղաքացիական պայմանագրից» այդ հեռանկարը բացառում են: Իսկ առաջարկով հանդես եկողները վստահեցնում են՝ հենց ընդդիմադիրները խորհրդարանում գործընթաց սկսեն, իրենք ակտիվ գործողությունների կդիմեն արդեն փողոցում:
«Հենց մեր պատգամավորները սկսեն իմփիչմենթ, ինչ-որ մեկը պատգամավորներից սկսի իմփիչմենթի գործընթաց, բնականաբար, միանգամից պետք ա կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա», - հայտարարել էր Մալյանը:
Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նախաձեռնության հեղինակներին կոնկրետ առաջարկ ունի. - «Եթե որևէ մեկը գիտի, ունի տեղեկություն՝ էդ 20 ձայնը ոնց ենք մենք, այսինքն՝ էդ ճանապարհը տեսնում է, լավ կլինի հստակ ներկայացնի, որպեսզի նաև համոզի վերոնշյալ թվով մարդկանց»:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը փոխանցեց՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում ճանապարհային քարտեզ ունեցող անձանց հետ պատրաստ են նստել նույն սեղանի շուրջ քննարկումների:
«Բնական է, որ իմփիչմենթի, այս դեպքում՝ անվստահության գործընթաց սկսելու համար կարևոր դերակատարները պառլամենտական երկրների պարագայում խորհրդարանի պատգամավորներն են, և պարզ է, որ ընդդիմադիր դաշտում գործող նախաձեռնությունները առաջին հերթին փորձում են խոսել կամ քննարկել ընդդիմադիր ուժերի հետ», - «Ազատությանը» ասաց «Պատիվ ունեմ»-ի քարտուղարը:
Իսկ դիրքորոշումը, ինչպես Աբրահամյանն ասաց, կհանրայնացնեն այդ քննարկումներից հետո: Մինչ այդ, պատգամավորը շեշտում է՝ իմփիչմենթը վարչապետին հեռացնելու գործիքներից է, և ինչ-որ փուլի պետք է հասնել այդ հանգրվանին. - «Մեր համար անվստահության գործընթացը այս պայքարի մի հանգրվանային փուլն է ենթադրում, երբ որ գա և թեման եփվի և հասնի էն կետին, որտեղ պետք է նաև խորհրդարանը իր խոսքը ասի, բնականաբար, մենք էդտեղ կունենանք մեր դերակատարումը»:
Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է, ծրագիրն էլ կա: Իսկ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսում է 2026-ի ընտրություններով Փաշինյանին հեռացնելու մասին: