Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամներն այսօր 107 պատգամավորի անունով նամակներ փոխանցեցին Ազգային ժողով: Այս շարժումը, որի գլխավոր նպատակը, ինչպես նախաձեռնորղներն են հայտարարում, Փաշինյանին հեռացնելն է, ընդդիմադիրներից կոնկրետ քայլեր է ակնկալում վարչապետի իմփիչմենթի հարցով:
«Իմփիչմենթի գործընթացը այս պահի դրությամբ միակ հնարավոր տարբերակն ա իշխանափոխություն Հայաստանում իրականացնելու, այլ որևէ տարբերակ գոյություն չունի», - հայտարարեց Նարեկ Մալյանը:
Շարժման անդամներն անգամ Ազգային ժողովի որոշման նախագծի տեքստն ու հիմնավորումներն են ներկայացրել: Պնդում են՝ վարչապետին անվստահություն հայտնելու հիմքն այն է, որ Փաշինյանն ու իր կաբինետը 2021-26 թվականների Կառավարության ծրագրին հակառակ են գործում:
«Ու որ պատգամավորից ինչ արձագանք որ ունենանք, մենք հանրությանը անպայման ձեր միջոցով կտեղեկացնենք, կասենք՝ էսքան պատգամավոր անարձագանք են թողել, էսինչը մեզ պատասխանել ա էսինչ բովանդակությամբ գրություն, էս մի պատգամավորը սկսել ա անվստահության գործընթաց: Այսինքն՝ էն, ինչ որ լինի, մենք բոլորս անպայման կիմանանք, դա բաց ա լինելու, ոչ մի բան չի պահվելու», - նշեց շարժման մեկ այլ անդամ՝ Էդգար Ղազարյանը:
Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում: Էդգար Ղազարյանի խոսքով՝ իրենք հենց որոշման նախագծի տեքստ են գրել, պատգամավորներին մնում է ավելացնել նոր վարչապետի անունը, ստորագրել այն և դնել շրջանառության մեջ. - «Իրանց գործը հեշտացրել ենք մենք»:
Այսօր վարչապետի հնարավոր թեկնածուի մասին շարժման անդամները միայն ասացին՝ ընդդիմադիր ուժերի ներկայացրած ցանկացած թեկնածու իրենց համար ընդունելի կլինի: Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի Ազգային ժողով, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն, իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի: Այսինքն՝ առանց իշխանության աջակցության միայն կարող է որոշման նախագիծ ներկայացվել, այն էլ՝ եթե նախաձեռնությանը միանան նաև խմբակցություններից հեռացված կամ դուրս եկած պատգամավորներ: Չնայած սրան՝ Ղազարյանն այսօր վստահ էր՝ գործընթացը չի տապալվի:
«Ձախողման ռիսկերը ըստ էության զրոյական են, որովհետև էս գործընթացը, իմ կարծիքով, ով որ նախաձեռնի պատգամավորներից, պետք ա, դե պարզ ա, չէ՞, դա արվում ա իրականություն դարձնլու համար, իրականությունը պահանջում ա, որ ոչ թե 36 ստորագրությամբ հանձնել Ազգային ժողովի նախագահին, դնել քվեարկության, այլ առնվա՛զն 36 ձայնով. եթե նպատակը դրա ընդունվելն ա, ես կարծում եմ, որ խելամիտ կլինեն այն հեղինակները, ովքեր առնվազն 60 ստորագրություն կունենան նախաձեռնությանը միացած, նոր հանձնեն Ազգային ժողովի նախագահին», - հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը միայն խորհրդարանով չի սահմանափակվի: Շարժման մասնակիցները հայտարարում են՝ այն պահին, երբ խորհրդարանում մեկնարկը տրվի, իրենք գործողություններ կսկսեն նաև փողոցում:
«Հենց մեր պատգամավորները սկսեն իմփիչմենթ, ինչ-որ մեկը պատգամավորներից սկսի իմփիչմենթի գործընթաց, բնականաբար, միանգամից պետք ա կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա», - ասաց Նարեկ Մալյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» արդեն հայտարարում են ընդդիմադիրների հերթական նախաձեռնության ձախողման մասին: Ասում են՝ սա այն դեպքն է, երբ անգամ խորհրդարանի ընդդիմության օրակարգում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարց չկա: Իսկ նախաձեռնության նպատակն, ըստ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի, խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում որպես թիվ մեկ ընդդիմադիր դիրքավորվելն է:
«Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի այս սկսած գործընթացը մեծ հաշվով լակմուսի թուղթ է՝ ցույց տալու, որ ընդդիմությունը չունի իմփիչմենթի օրակարգ, և որ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու անհրաժեշտություն չկա, և արձագանք չկա նույնիսկ խորհրդարանի կողմից: Այսինքն, այս գործընթացը միանշանակ է, որ տապալվելու է», - «Ազատությանն» ասաց իշխանական պատգամավորը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը կարճ փոխանցեց՝ նամակին դեռ չի ծանոթացել, առաջիկայում էլ, ասաց, այդ հարցի շուրջ դիրքորոշմամբ հանդես կգա խմբակցությունը: 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին վերջին անգամ «Հայաստան» խմբակցությունը խոսել է անցած տարի այս օրերին, երբ փողոցում ընթանում էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած ցույցերը, բայց ի վերջո խորհրդարանը քննարկեց ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ, այլ նրան հեռացնելու հայտարարության տեքստ: Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն այժմ էլ իմփիչմենթից չեն խոսում, մարզերում բնակիչների հետ հանդիպումներ են անցկացնում, նրանց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ համալսարաններից մեկում ուսանողների հետ բանակցային փաթեթներն է քննարկել: Քոչարյանն արդեն հայտարարել է՝ իրենք մասնակցելու են 2026-ի ընտրություններին:
«Ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել, պրագմատիկ ասելով՝ այն ֆորմատը, որը առավելագույն հաջողություն կապահովի», - ասել է Հայաստանի երկրորդ նախագահը:
Հերթական խորհրդարանական ընտրություններին մոտ մեկ տարի է մնացել, մինչ այդ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին օրերս հայտարարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պնդելով, թե դրան հասնելու համար հստակ ծրագիր ունեն. - «Ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակել»:
Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներից դեռ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ: Մինչ պատգամավորները կպատասխանեն նախաձեռնության անդամների նամակներին, շարժման հեղինակները կփորձեն հանդիպել նաև երեք նախկին նախագահների հետ՝ կիսվելու Փաշինյանի հեռացման իրենց պատկերացումներով: