Մատչելիության հղումներ

«Որտե՞ղ է գրած, որ քաղաքացին պետք է բերի 20 հազար մարդ ու 20 ՔՊ պատգամավոր». Փաշինյանի իմփիչմենթի հարցը նոր կրքեր է բորբոքել


«Առաջի տպավորությունս այն էր, որ դաշինքի ֆեյսբուքյան օգտահաշիվը խակերների կողմից կոտրվել է, և իրենց անունից նման հայտարարություն ա տարածվել: Ես հուսով եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, և դա կհեռացվի», - հայտարարում է «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը:

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այսօր պաշտոնապես պատասխանել է նախաձեռնության նամակին, որում նրանք խորհրդարանի 107 պատգամավորներին օրերս առաջարկել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել՝ պնդելով, որ Փաշինյանը ոչ միայն չի կատարում խորհրդարանի կողմից ընդունված Կառավարության ծրագիրը, այլև դրան հակառակ քաղաքականություն է վարում:

«Ընդե տենց նախադասություն չկա, որ խոցելի չլնի», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Ղազարյանը:

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը ի պատասխան քաղաքացիական նախաձեռնության նամակի ընդունում է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն կան։ Սակայն քաղաքական ուժը հիշեցնում է, որ իմփիչմենթի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, մինչդեռ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 ձայն: Բացի այդ, որպեսզի նախագիծն ընդունվի, անհրաժեշտ է, որ առնվազն 54 պատգամավոր կողմ քվեարկի, իսկ դա նշանակում է, որ առանց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների նախաձեռնությունը կտապալվի: Հետևաբար, «Հայաստան» խմբակցությունն ընդգծում է, որ իշխանական պատգամավորների առնվազն 20 ձայները ստանալու համար անհրաժեշտ է փողոցում ձևավորված հզոր համաժողովրդական շարժում: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ընդդիմադիր խմբակցությունը նշում է, թե պատրաստ է տրամադրել իր 28 պատգամավորի ստորագրությունները իմփիչմենթի գործընթացի մեկնարկի համար, բայց՝ նախապայմաններով. - «Եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմփիչմենթի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին»։

«Բայց ինձ կասե՞ք՝ Սահմանադրության ո՞ր կետում ա գրած, որ քաղաքացին որ պիտի պատգամավորին դիմի, իր հետ պետք ա բերի նաև 20 հազար մարդ, կամ 8 ՔՊ-ական պատգամավոր՝ պասիլկայով, պարկերի մեջ կապած, շտամպած, ասենք՝ «ձեզ ենք հանձնում ՔՊ-ական 20 պատգամավոր, խնդրում ենք ձեր տնօրինությունը», - հայտարարեց Էդգար Ղազարյանը:

Նա նաև հակադարձում է «Հայաստան» խմբակցությանը՝ ինչպե՞ս է, օրինակ, ընդդիմադիր ուժը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել. ի վերջո, այդ նախագծի ընդունման համար էլ պետք է ճիշտ 54 կողմ քվե՝ այնքան, որքան Փաշինյանի իմփիչմենթի համար. - «Հիմա ես ուզում եմ իմանամ՝ օրենքի նախագծի հեղինակները արդյո՞ք խոսել են ՔՊ-ի 20 պատգամավորների հետ, արդյո՞ք իրանք գեներացրել են փողոցում մարդ, որ նախաձեռնել են իրանց պարտականություններից բխող գործողություն: Ես տենց բան չեմ լսել»:

Քաղաքացիական նախաձեռնության անդամը նաև զարմանում է՝ ինչո՞ւ է իրենց նամակին պատասխանել խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը, երբ իրենք անհատական նամակներ են ուղարկել բոլոր 107 պատգամավորներին: Ըստ նրա՝ եթե «Հայաստան»-ն իսկապես պատրաստ է իմփիչմենթի գործընթաց սկսել, ապա դա պետք է անի 28 ստորագրությունները դնելով նախագծի տակ:

«Իրանք ասում են, որ վարչապետին անվստահություն հայտնելու հիմքերը կան, իրենք իրանց հայտարարության մեջ են գրել, այսինքն՝ հիմքերը կա, բայց մենք ցուցաբերում ենք անգործություն: Դա շատ տարօրինակ ... Ասում ա՝ «քաղաքացի, քանի որ դու նկատել էիր, որ հիմքեր կա և մենք պարտավոր ենք անել, այդ դո՛ւ գնա մեզ համար բեր պատգամավորներ», - ընդգծեց Ղազարյանը:

«Իրենք իրենց 28 ստորագրությունը տվեցին, այդ նախագիծը ներկայացրեցին, բայց չկարողացան անհրաժեշտ 36 ստորագրությունը ապահովել, ի՞նչ է լինում», - «Ազատության» այս հարցին քաղաքացիական նախաձեռնության անդամն արձագանքեց. - «Ի՞նչ ա լինում, ոչ մի բան չի լինում: Չէ, բավարարված չենք լինի: Մենք շարունակում ենք աշխատելը»:

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը նաև կասկած է հայտնում, որ Փաշինյանի իմփիչմենթի վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը գուցե ուղղված է ոչ թե վարչապետին հեռացնելուն, այլ «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու համար է. - «Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ»:

«Ես, ճիշտն ասած, ավելի անմիտ ձևակերպում, անկեղծ ասած, չեմ պատկերացնում: Ընդե ո՞րտեղ ա երևում, էդ նամակը կարդալուց ո՞ւմ մոտ ա ողջամիտ կասկած ձևավորվում, որ դա իրանց թիրախավորելու ... Եթե իրանք գիտեն, որ նամակի հասցեատերը մենակ իրանք չեն, այլ՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, որ գիտեն՝ նամակի բովանդակությունը տարբերակված չի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ա՛յս նամակը, «Պատիվ [ունեմ]» ... բոլորինը նույն տեքստն ա, մենակ անուններն ա փոխած, այսինքն՝ իրանք ինչի՞ են ՔՊ պատգամավորին ուղղված նամակը համարում թիրախավորում «Հայաստան» խմբակցության պատգամավորին: Ես ճիշտն ասած դրա տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ կարում հասկանամ», - հակադարձեց Էդգար Ղազարյանը:

Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունից առայժմ որևէ պատգամավոր չի արձագանքել Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքացիական նախաձեռնության առաջարկին:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 69 պատգամավորներից արձագանքել են ընդամենը երկուսը, ընդ որում՝ նրանցից Արսեն Թորոսյանը պատռել է նամակը:

«Հարգելի հայրենակիցներ, իհարկե, էս սենց, էլի, այսպես ասած, մոտավորապես այսպես: Ասենք, ինչքա՞ն կարելի ա տկարամիտ լինել, որ սենց բան նախաձեռնեն», - Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում պատռելով նամակը՝ հայտարարում է Թորոսյանը:

«Քաղաքացու օրը նշելու հաջորդ աշխատանքային օրը Արսեն Թորոսյանը պատռել ա քաղաքացուց ստացված նամակը առանց կարդալու: Սրա մեջ խորհուրդը չափազանց մեծ ա, էլի», - ասաց Էդգար Ղազարյանը:

ՔՊ-ից առայժմ միակ պատգամավորը Թագուհի Ղազարյանն է, ով գրավոր պատասխանել է «Արթուն ենք»-ի նամակին:

«Ոչ, ինքը ասել ա, որ չի միանում ... Ախր շատ խնդրահարույց պատասխան ա, որը իր մեջ նաև ենթադրյալ հանցանքի հատկանիշներ ա պարունակում», - ասաց Էդգար Ղազարյանը:

Ի դեպ, Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատությանն» ասաց, թե նախաձեռնությունը ներկայացրել է իրենց ծրագիրը: Թե ինչ կարծիք ունեն դրա վերաբերյալ, Զուրաբյանը որևէ մեկնաբանություն չտվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG