Մատչելիության հղումներ

«Շուշին օկուպացնելու հրամանը տվել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը». Բաքվի դատարանում քննել են Շուշիի օպերացիան


Դատարան Բաքվում, Ադրբեջան
Դատարան Բաքվում, Ադրբեջան

15 հայ ռազմագերիների դատավարությունը Բաքուն այսօր էլ նվիրել էր 1992 -ի մայիսի 8 -ին հայկական ուժերի կողմից Շուշի ազատագրմանն ու այդ օպերացիայի մասնակիցներին:

Անկախ փաստաբանների, լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարությանը մեղադրող դատախազը, մի շարք տեսանյութեր հրապարակելով, պնդել է, թե «Շուշին օկուպացնելու հրամանը տվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Իբրև ապացույց ադրբեջանցի մեղադրողը ներկայացրել է Շուշիի ազատագրումը ղեկավարած հանգուցյալ Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին վերագրվող մի տեսանյութ՝ պնդելով, թե այդ օպերացիայի պլանը նախ ներկայացվել է այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որն էլ տվել է իր համաձայնությունը:

Բաքվի զինվորական դատարանում նաև այլ տեսանյութեր են հրապարակվել, որտեղ նշվել է, թե «Շուշիի գրավումը 4 ուղղություններով է իրականացվել, որոնք ղեկավարել են Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վալերի Չիչյանն ու Արկադի Կարապետյանը»:

Մեջբերումներ անելով ցուցադրվող տեսանյութերից՝ «ԱՊԱ» պետական գործակալությունը նշում է, թե հայերի կողմից պատրաստված այդ տեսնայութերում նշվում է, թե Շուշին «օկուպացնելուց» բացի, հայերը նպատակ են ունեցել «Շուշին մաքրել քայլող միջատներից»:

Շուշիի ազատագրմանը նվիրված դատական նիստից անմասն չեն մնացել նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագանները: Հղում անելով հրապարակված ինչ-որ տեսանյութերի ու մասնավորապես Հայաստանի զինված ուժերի գեներալ -գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին՝ ադրբեջանցի դատախազը պնդել է, թե Շուշիի օպերացիայի մշակմանը, նախապատրաաստմանն ու իրականացմանը մասնակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Իբրև ապացույց դատարանում նաև ցուցադրվել է Սերժ Սարգսյանին վերագրվող մի հարցազրույց, որին հղում անելով, նշվում է, թե իբրև Սարգսյանն ասել է, որ «Շուշիի օպերացիայի նշանակությունն այնքան մեծ էր, որ դրան անձամբ մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը»:

Շուշին հայկական ուժերն ազատագրել են 1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը։ Այդ օպերացիան Ղարաբաղյան առաջին պատերազմի համար շրջադարձային նշանակություն ունեցավ, քանի որ Ադրբեջանը հենց Շուշիից էր պարբերաբար հրետակոծում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հարսանիք լեռներում» ծածկանունով ռազմական օպերացիան, որ ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը, իրականացվել է միանգամից 4 ուղղություններով։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան Կոմանդոսին՝ Տեր-Թադևոսյանին, զեկուցվել է, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի ձեռքերում է։

Բաքուն հանցագործի իր պիտակը փորձում է բարդել հայ ժողովրդի վրա. Սեյրան Օհանյան

«Այդ շինծու դատավարությունը նրա համար է նաև, որ տարբեր դրվագներով փորձեն ուժային մեթոդներով տվյալներ կորզել՝ իրենց վրայից հանցագործի պիտակը Հայաստանի վրա դնելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց1992-ի մայիսին Շուշիի ազատագրմանը մասնակցած Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց՝ Բաքուն, որ այսօր հանցագործի իր պիտակը փորձում է բարդել հայ ժողովրդի վրա, Արցախի ինքնորոշմանը պատասխանեց պատերազմով և ադրբեջանական տարբեր բնակավայրեր վերածելով ռազմական հենակետերի՝ թիրախավորեց մայրաքաղաք Ստեփանակերտը: Այդպիսի մի հենակետի էլ վերածվել էր Շուշին:

«Ստեփանակերտ մայրաքաղաքը, որտեղից իրականացվում էր ամբողջ Արցախի Հանրապետության կառավարումը, կենսագործունեության ապահովումը, գտնվում էր անընդհատ ռմբակոծության, անընդհատ հարվածի տակ, և ողջ ժողովուրդը նկուղներում էր: Եվ Արցախի իշխանությունը որոշում ընդունեց այդ ռազմական հենակետերից ձերբազատվել՝ ճնշել այդ ռազմական հենակետերը», - ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, - «Իրենք այդպես մեղադրանքներ ներկայացնելու են բոլորին, ովքեր մասնակցել են Արցախի և Արցախի ժողովրդի ինքնապաշտպանական բոլոր գործողություններին: Եթե Հայաստանի ղեկավարությունը հիմա խելամիտ գտնվի, իսկ դա մենք չենք տեսնում, հակառակը պետք է տեղի ունենա: Պետք է հայտարարություններ լինեն, պետք է միջազգային հարցերին տեր կանգնեն»:


Ի դեպ, 15 հայ ռազմագերիների դատավարությունը Բաքուն օգտագործում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը տարբեր մեղադրանքներ ներկայացելու նպատակով: Վերջին դատական նիստերը, որ նվիրված էին Խոջալուի իրադարձություններին, մեղադրող ադրբեջանցի դատախազը կրկին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն էր մեղադարել այսպես կոչված՝ «ցեղասպանություն իրականացնելու» համար:

XS
SM
MD
LG