Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր կա. ՔՊ-ում մտահոգված չեն


Ո՞րն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու Հանրապետականի ծրագիրը, կուսակցությունից մանրամասներ չեն հայտնում: Պատգամավոր Հայկ Մամիջանյանը միայն փոխանցեց՝ կուսակցության ղեկավարի ասածին ավելացնելու ոչինչ չունի: Որ Փաշինյանին մինչ խորհրդարանական ընտրությունները հեռացնելու ծրագիր կա, երեկ Ծիծեռնակաբերդում հենց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել՝ պնդելով, թե պահը հասունացել է:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը Փաշինյանին փողոցային պայքարի միջոցով հրաժարական պարտադրելու փորձեր անում են 2020-ի պատերազմից հետո, բայց հաջողության չեն հասել: Վերջին փորձը, որի շուրջ համախմբվել էր ընդդիմադիր դաշտը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումն էր, որը ևս տապալվեց:

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը համոզված, որ այս անգամ Փաշինյանին հեռացնելու ծրագիրը չի ձախողվի:

«Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է, էդ բոլոր շարժումները բերել են ու հարցը հասունացրել են», - պատասխանել է երրորդ նախագահը:

Եթե երեկ Սարգսյանն ակնարկում էր փողոցային պայքարի մասին, այսօր նրա թիմակից Մամիջանյանն ուղիղ ասաց՝ իրենց քաղաքական ուժը համարում է, որ Փաշինյանին հեռացնելու ամենաիրատեսական ճանապարհը իմփիչմենթն է և իրենք պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում: Ընդդիմադիր «Պատիվ ունեմը» պատրաստվո՞ւմ է նման նախագիծ ներկայացնել և եթե այո, ո՞վ է լինելու վարչապետին թեկնածուն:

«Որպես հավաքական տեսակետ «Պատիվ ունեմ»-ի կարող եմ ասել, որ մենք, իհարկե, համարում ենք, որ իմփիչմենթը իրավական առումով լավագույն լուծումն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու ու միակ իրավական ճանապարհն է խորհրդարանի միջոցով, որպեսզի մենք կարողանանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել ու հեռացնել: Բայց այս պահի դրությամբ մենք չունենք վարչապետի միասնական թեկնածու, որը կարող է կոնսոլիդացիա ապահովել նաև խորհրդարանում», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Վարչապետին անվստահություն հայտնելու հարցում ի՞նչ դիրքորոշում ունի ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունը: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն օրերս հայտարարել է՝ բաց են ցանկացած քննարկման համար:

«Դա իշխանափոխության գործիքներից մեկն է և մեր պատկերացմամբ՝ փողոցային շարժման փուլերից մեկն է, եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, պատրաստ ենք քննարկել», - ասել է Վարդանյանը:

Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն, իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի: Իշխանական պատգամավոր Ալխաս Ղազարյանը բացառում է, որ ՔՊ-ից ընդդիմադիրներին միացողներ լինեն:

«Ինչպես տեսել եք այսքան ժամանակ մեր խմբակցությունն ինչպես է աշխատել, ոչ մի խնդիր այդ առումով վստահաբար կարող եմ ասել, որպես խմբակցության պատգամավոր, որ չի առաջանա, բայց իրենց դեպքում, որ ասում են, թող փորձեն, թող համոզվեն ևս մեկ անգամ», - նշեց Ղազարյանը:

ՔՊ-ականը վստահեցնում է՝ չեն մտահոգվել Սերժ Սարգսյանի հայտարարությունից, թե իրենց հեռացնելու պահը մոտ է, վստահ է՝ Հայաստանում իշխանություն փոխելու միակ տարբերակը ընտրություններն են:




XS
SM
MD
LG