«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի:
Անդրադառնալով Ցեղասպանության մասին իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ հարցին, Սարգսյանը նշեց. - «Որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել Ցեղասպանության հարցը, դա փաստ է: Որ ասեմ՝ 100 տոկոսով ուրացել են, չէ, կարծես թե այսօր էլ են եկել այստեղ և այլն, բայց, իմ կարծիքով, այդ ճանապարհին են»:
Հայաստանի իշխանությունններն ուղիղ ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ:
«Ազատության» դիտարկմանը՝ «Ձեր վերջին ելույթում հայտարարեցիք, որ ձեր թիմի նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, հստակ ծրագիր ունի՞ Հանրապետական կուսակցությունը», երրորդ նախագահը պատասխանեց. - «Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հանրայնացնել»:
Լրագրողները նաև հարց ուղղեցին Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու մասին, որին Սարգսյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, որովհետև չեն հասցնի, ուղղակի չեն հասցնի, չեն կարող: Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կայանա, բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»:
Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու պահանջ Ադրբեջանն է ներկայացնում: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ: