Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ դատարանի առաջ կկագնի: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգսյանին արդարացնելու առաջին ատյանի վճիռն ու գործն ուղարկել նոր քննության: Սարգսյանի առաջնորդած Հանրապետականից արդեն քաղաքական գնահատականներ են հնչում, սա ընդդիմախոսներին զսպելու փորձ որակում:
Թե ինչ հիմնավորմամբ է վերաքննիչ ատյանը նման որոշում կայացրել, հատկապես որ այս գործի վաղեմության ժամկետն արդեն անցել է, առայժմ պարզ չէ: Դատական ակտի բովանդակության ծանոթ չեն նաև երրորդ նախագահի փաստաբանը.
«Եզրափակիչ մասը հետևյալն է՝ դատարանը որոշեց վիճարկվող դատական ակտը բեկանել, ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության», - «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Ավելի քան 4 տարվա դատավարությունից հետո անցած գարնանը առաջին ատյանի դատարանն արդարացրեց Սարսգյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազութությունը նրան մեղադրում է մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրող կողմի նա հեռավոր 2013-ին միջամտել է, որ գյուղացիներին դիզվառելիքով ապահովելու մրցույթում հաղթի իր մտերին Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը, որը, սակայն, մրցույցի մյուս մասնակիցներից ավելի բարձր գին էր առաջարկել. պաշտպանական կողմը մեղադրանքը քաղաքական հետապնդում էր որակում:
Մեղադրող կողմին դատարանի արդարացման որոշումը չէր գոհացրել: Դատախազությունը հակառուպիցոն վերաքննիչում բողոքարկեց այն, որն էլ նախօրեին բեկանեց արդարացման վճիռը: Երրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է՝ իրենց դիրքորոշումը նույնն է՝ Սերժ Սարգսյանը չէր կարող չարդարացվել. - «Որևէ այլ դատական ակտ, քան արդարացումն ուղղակի անհնար էր՝ և նյութական և դատավարական իրավունքի մասով, որովհետև խախտումներն էնքան ակնհայտ, էնքան բազմաթիվ են եղել, էնքան տարրական»:
Վերաքննիչ ատյանում գործերը երեք դատավորներն են քննում. պաշտպանական կողմին այս պահին միայն հայտնի է,որ նախագահող դատավորը՝ Անի Մարտիրոսյանը հատուկ կարծիք է ունեցել, այսինքն գործընկերներից տարբերվող դիրքորոշում է ունեցել:
Հակակոռպուցիոն վերաքննիչ դատարանի որոշումը հաջորդում է մի քանի օր առաջ Հանրապետական կուսակցության նիստում իշխանափոխության մասին Սերժ Սարգսյանի ելույթին:
«Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է»,- ասել էր նա:
Մինչ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հրապարակավ բացառում են իրենց միջամտությունը դատական իշխանության գործերին, երրորդ նախագահի ղեկավարած կուսակցությունից դատարանի վերջին որոշումը պատահական չեն համարում:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ կարծիք է հայտնել, թե իշխանություններն այսպիսով ընդդիմադիրներին հասկացնում են, թե ինչպես են արձագանքելու քաղաքական ակտիվացման քայլերին:
«Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում, մենք մեր «մաշկի վրա» ավելի ծանր ճնշումներ և հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու և զսպելու ազդակ է, փորձ է բոլոր այն ուժերի և գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն», - գրել է Աբրահամյանը:
2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սա երրորդ նախագահի դեմ միակ քրեական հետապնդումը չէ. այս տարի Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են ներկայացրել 20 տարվա վաղեմության գործարքների համար: Ըստ դատախազության այս գործն էլ առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում: