Ջրցան մեքենաներ, հատուկ միջոցներ, հազարավոր ձերբակալվածներ․ Թուրքիայում ոստիկանությունը շարունակում է ճնշել վերջին տասնամյակի ամենամեծ հակակառավարական ալիքը, որը սկիզբ առավ Ստամբուլի քաղաքապետ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Էքրիմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։
Ընդհանուր առմամբ, անցած ութ օրում երկրով մեկ մոտ երկու հազար մարդ է ազատազրկվել, մեծ մասը՝ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով։
«Նրանք ուղղակի մեր ձայնն են խլում», - «Ռոյթերզ»-ին ասել են Ստամբուլի բնակիչները:
«Սա անարդար, անօրինական ձերբակալություն է, որը ոչ մի հիմք չունի, մենք մի ճանապարհով ենք անցնում, որ բնորոշ է միայն բռնապետական ռեժիմներին», - ասել է բնակիչներից մեկը։
Այսօր՝ վաղ առավոտյան, Անկարայում ուսանողները փորձել են հայտարարություն անել մամուլի համար, սակայն իրավապահները նաև այդ ցույցն են ճնշել՝ ջրցան մեքենաներով ու ռետինե փամփուշտներով։ Ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների, տեղում նաև բախումներ են եղել, կան ձերբակալվածներ։
«Դադարեցրեք բռնաճնշումներն ու խոշտանգումները երիտասարդների հանդեպ, որոնք ընդամենն իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում և ձայն բարձրացնում ապօրինի որոշումների դեմ», - գրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետականի պատգամավոր Մելիհ Մերիչին, հավելելով՝ խոշտանգումը հանցանք է մարդկության դեմ:
Անկարայի հասցեին քննադատական հայտարարություններ են հնչել նաև Արևմուտքից
Անկարայի հասցեին քննադատական հայտարարություններ են հնչել նաև Արևմուտքից, այդ թվում՝ Եվրամիությունից, որը տարիներ առաջ հենց ժողովրդավարության հետընթացի պատճառով սառեցրել է Թուրքիայի անդամկացության շուրջ բանակցությունները։
«Թուրքիան Եվրոպայի կարիքը ունի, Եվրոպան՝ Թուրքիայի, բայց մենք կարիք ունենք Թուրքիայի, որն ընդունում է իր պարտավորությունները եվրոպական անվտանգության հանդեպ և շարունակում է ժողովրդավարության ճանապարհը՝ հարգելով ստանձնած պարտավորությունները», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները որակելով որպես բռնություն:
Թուրքիայի իշխանությունը, սակայն, այս քննադատությունը մերժում է և որակում որպես կանխակալ միջամտություն իր ներքին գործերին։ «Ափսոսանքով ենք հետևում միջազգային հանրությունից հնչող որոշ հայտարարությունների»,- այսօր ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը:
«Մենք մերժում ենք նման կանխակալ և երկակի ստանդարտներով մոտեցումները Թուրքիայի նկատմամբ: Ավելին, հայտնի է, որ այդ հայտարարությունները կատարած երկրների բազմաթիվ քաղաքական գործիչներ և կառավարության անդամներ ժամանակին ենթարկվել են դատական հետաքննությունների և դատական գործընթացների: Հետևաբար, մեր ամենամեծ ցանկությունն է, հատկապես մեր եվրոպացի ընկերներից, մոտենալ այս հարցին բանականությամբ, հարգել մեր երկրի ներքին օրենսդրությունը», - նշել է նախարարը:
Երեկվանից էլ սկսվել են ճնշումները լրատվամիջոցների դեմ
նախօրեին տասնմեկ լրագրող է ձերբակալվել, այդ թվում՝ BBC-ի թղթակից Մարկ Լոուենը, ով ամենօրյա ռեժիմով պատմում էր ցույցերի մասին և Էրդողանի կառավարումը բնորոշում որպես բռնապետական։
«Թուրք իրավապահները նրան տարել են հյուրանոցից և 17 ժամ պահել անազատության մեջ», - հայտարարել է BBC-ն, հավելելով՝ «այսօր առավոտյան լրագրողին գրավոր տեղեկացրել են, որ նա վտանգ է ներկայացնում հասարակական կարգի համար և արտաքսել երկրից։ Սա ծայրաստիճան մտահոգիչ է»:
Սրան զուգահետ, Թուրքիայի հեռարձակման խորհուրդը 10 օրով արգելել է ընդդիմադիր հայացքներով հայտնի հեռուստաալիքներից մեկի հեռարձակումը՝ «հասարակությանը ատելության և թշնամանքի դրդելու» պատճառաբանությամբ:
Ընդդիմությանը սատարող մի շարք այլ հեռուստաընկերություններ էլ տուգանվել են, որոշ հաղորդումներ՝ կասեցվել, նույն հիմնավորմամբ։ Ընդդիմությունն էլ իր հերթին է սաստկացնում պայքարը, կոչ անելով աջակիցներին բոյկոտել նախագահի ու նրա մերձավորների հետ կապված բիզնեսները:
«Այս գիշերվանից սկսած՝ գտեք նրանց, որոնք իրենց փողն աշխատում են՝ ծառայելով նախագահականին։ Գտեք նրանց ու բոյկոտեք։ Մեքենա են վաճառո՞ւմ, ուրեմն նրանցից մեքենա գնելը պետք է ամոթալի լինի, - ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը՝ նշելով, - ողջ Թուրքիան պետք է հեռու մնա այն ընկերություններից, որոնք պատկանում են Էրդողանին ու նրա բարեկամներին, մենք չպետք է փող տանք նրանց ու ֆինանսավորենք այս կառավարությանը»:
Ֆինանսական բոյկոտը չսկսած՝ երկրի ֆինանսական բորսայի հիմնական ցուցիչն արդեն սկսել էր գահավիժել, կենտրոնական բանկն էլ նախօրեին աննախադեպ մեծ՝ տասը միլիարդ դոլարի ներարկում էր արել, որպեսզի փրկի լիրան արժեզրկումից։ Տեղական արժույթն առանց այդ էլ վերջին հինգ տարում ավելի քան 80 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ։