ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-25 թվականների մրցաշարի փլեյօֆում Հայաստանի ազգային հավաքականն ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ: Երկու հանդիպումները կանցկացվեն եկող տարվա մարտի 20-ին և 23-ին համապատասխանաբար Երևանում և Թբիլիսում:
Մրցաշարի փլեյօֆերի, ինչպես նաև քառորդ եզրափակիչների վիճակահանությունը Շվեյցարիայի Նյոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում կայացել է այսօր:
Հայաստանի հավաքականը մրցաշարի խմբային փուլում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց C լիգայի 4-րդ խմբում, Վրաստանը ավելի բարձր՝ B դիվիզիոնի 1-ին խմբում երրորդն էր: Փլեյօֆի արդյունքներով կա՛մ Հայաստանի հավաքականը B լիգայում կփոխարինի Վրաստանի ընտրանուն, որը կիջնի C դիվիզիոն, կա՛մ թիմերը կմնան իրենց լիգաներում: Տեղափոխությունների համար անհրաժեշտ է Հայաստանի հավաքականի հաղթանակը երկու հանդիպման հանրագումարում:
Քառորդ եզրափակիչում հետևյալ զույգերն են՝ Նիդերլանդներ-Իսպանիա, Խորվաթիա-Ֆրանսիա, Դանիա-Պորտուգալիա և Իտալիա-Գերմանիա: Այս փուլի հանդիպումները ևս կանցկացվեն մարտի 20-ին և 23-ին, զույգերի հաղթողները կհանդիպեն կիսաեզրափակիչում՝ հունիսի 4-ին և 5-ին: Հունիսի 8-ին տեղի կունենան երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները:
Հայաստանի հավաքականն այս տարի ոչ այնքան հաջող հանդես եկավ Ազգերի լիգայում՝ հաղթելով միայն Լատվիայի ընտրանու հետ երկու խաղերում, մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղալով Ֆարերյան կղզիների թիմի հետ ու պարտվելով մյուս երեք խաղերում՝ երկուսը՝ Հյուսիսային Մակեդոնիայի, մեկը՝ Ֆարերյան կղզիների հետ:
Վրաստանի ազգային հավաքականն աչքի ընկավ Գերմանիայում անցկացված Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մրցաշարում, որին առաջին անգամ էր մասնակցում և հաղթահարելով խմբային փուլը՝ անցավ 1/8 եզրափակիչ, որում 1:4 հաշվով պարտվեց մրցաշարի հաղթող Իսպանիայի ընտրանուն: