ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի՝ մարտի 18-ին Ուկրաինայի հարցով կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Reuters-ը։
«Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը: Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել»,- ասել է Թրամփը Ֆլորիդայից Վաշինգտոնն վերադառնալիս։
«Ցանկանում ենք տեսնել՝ կարո՞ղ ենք արդյոք վերջ դնել այս պատերազմին: Գուցե մենք կարող ենք, գուցե մենք չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք», - ասել է Թրամփը:
Կրեմլից հաստատում են, որ վաղը Պուտինը խոսելու է Թրամփի հետ։
Կիրակի օրը Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը CNN-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը՝ նվիրված Ուկրաինայում պատերազմի հնարավոր դադարեցմանը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ օրը չհստակեցնելով։
Ուիթքոֆն օրերս Մոսվայում էր, իսկ ավելի վաղ Սաուդյան Արաբիայում մասնակցում էր ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններին։
ԱՄՆ պաշտոնյան ասել էր, որ Մոսկվայում «դրական» բանակցություններ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ երկու նախագահների միջև առաջիկա զրույցը նույնպես «լավ և դրական» կլինի։
Հատուկ ներկայացուցիչը նաև կարծիք էր հայտնել, որ Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները «մոտենում են»։
Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։
Թրամփը տեղեկացրեց, որ ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների։ Օրեր անց բանակցություններ տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև, կայացավ նաև Ուշակովի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցի հեռախոսազրույցը։ Մարտի 14-ին Թրամփը Truth-ում գրեց, որ «շատ լավ և արդյունավետ քննարկումներ է ունեցել Պուտինի հետ։
Չնայած հրադադաի ուղղությամբ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ջանքերին՝ ռուսական և ուկրաինական ուժերը վերջին օրերին օդային հարվածներ են հասցրել միմյանց տարածքներին, որոնց հետևանքով ավերածություններ, զոհեր և վիրավորներ կան։