Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս օգնել Ուկրաինային և ի՞նչ անել ռուսական սառեցված ակտիվների հետ. Սթարմերը հեռավար հանդիպում է անցկացրել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր

Ուկրաինային օգնել ցանկացող 26 երկրներ այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ հեռավար հանդիպում են անցկացրել՝ քննարկելու, թե ինչպես Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ ապագայում խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում:

Քննարկմանը մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահը, իսկ ամերիկյան կողմից, որը հրադադարի հարցով անցնող շաբաթվա ընթացքում առանձին հանդիպումներ է ունեցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, այսօրվա քննարկմանը ոչ ոք չի մասնակցել:

Քննարկումից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «Կրեմլի կողմից նախագահ Թրամփի հրադադարի առաջարկի լիակատար անտեսումը միայն ցույց է տալիս, որ Պուտինը լուրջ չէ խաղաղության հարցում», ապա հավելել, որ չեն կարող Ռուսաստանի նախագահին թույլ տալ, որ «խաղեր խաղա» ԱՄՆ առաջարկած գործարքի հետ, որին նախագահ Զելենսկին համաձայնել է, իսկ ինքը՝ Պուտինը, ասել է, թե ցանկանում են, որ հրադադարը լինի երկարաժամկետ և վերացվեն հակամարտության առաջացման պատճառները:

«Եթե Ռուսաստանը վերջապես գա բանակցությունների, մենք պետք է պատրաստ լինենք վերահսկելու հրադադարը՝ երաշխավորելով, որ դա լուրջ և տևական խաղաղություն է։ Եթե դա տեղի չունենա, ապա մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք՝ Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար, որպեսզի վերջ դնենք այս պատերազմին», - նշել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպման մասնակիցներին ասել է, որ հրադադարի մասին ապագա համաձայնագիրը Ուկրաինայի դաշնակիցներից կպահանջի ավելացնել իրենց պաշտպանական միջոցները և պատրաստվել պաշտպանելու ցանկացած գործարք՝ Ուկրաինային աջակցել ցանկացող երկրների կոալիցիայի միջոցով:

«Եթե Պուտինը լուրջ է վերաբերվում խաղաղությանը, ապա դա շատ պարզ է, նա պետք է դադարեցնի իր բարբարոսական հարձակումներն Ուկրաինայի վրա և համաձայնի հրադադարին»,- ասել է նա:

Ի՞նչ է որոշվել քննարկմանը

Հանդիպման արդյունքներով կոնկրետ հայտարարություն չի արվել: Ուկրաինային օգնել ցանկացողների կոալիցիայի գաղափարը դեռ նոր է, և ինչպես նախորդ, այնպես էլ այս քննարկման նպատակն էր հասկանալ, թե երկրներից ով որքան ու ինչ աջակցություն է պատրաստ տրամադրել Ուկրաինային: Գործողությունների կոնկրետ ծրագիր, սակայն, դեռ չկա:

Քննարկման մասնակիցներից Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իտալիան պատրաստ է շարունակել աշխատանքը եվրոպական և արևմտյան գործընկերների և ԱՄՆ-ի հետ՝ Ուկրաինային անվտանգության հուսալի և կայուն երաշխիքներ տալու, սակայն մտադիր չէ զորք տեղակայել Ուկրաինայում:

Գործողությունների ծրագիր

Քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ապացուցել է, որ կողմ է խաղաղությանը, իսկ Վլադիմիր Պուտինը փորձում է հնարավորինս ձգձգել պատերազմը:

«Աշխարհին անհրաժեշտ են գործողություն, ոչ թե դատարկ խոսքեր և պայմաններ: Այնպես որ, իմ ուղերձը պարզ է՝ ուշ թե շուտ Պուտինը պետք է նստի սեղանի շուրջ … Սա այն պահն է, երբ զենքերը լռում են», - ասել է Սթարմերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինային օգնել ցանկացող երկրների կոալիցիան պետք է շարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային և շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի «թուլացնի Պուտինի պատերազմական մեքենան և նրան բերի բանակցությունների սեղանի շուրջ»։

Մասնակից երկրների ռազմական ղեկավարները կհանդիպեն հաջորդ շաբաթ, որպեսզի արդեն անցնեն «գործողությունների փուլ» և ստանձնած պարտավորությունները վերածեն կոնկրետ ծրագրերի:

«Սա այն պահն է, որ պետք է շարունակենք շարժվել դեպի այն արդյունքը, որը ցանկանում ենք տեսնել՝ վերջ տալ սպանություններին, հաստատել արդար և տևական խաղաղություն Ուկրաինայում և կայուն անվտանգություն բոլորիս համար», - ասել է նա:

Կոալիցիան ուժեղանում է

Քիր Սթարմերն ասել է, որ շատ բան է փոխվել երկու շաբաթ առաջ եվրոպացի առաջնորդների հետ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ առաջին հանդիպումից հետո: Այսօրվա հանդիպմանը մասնակցածների խումբն ավելի մեծ է, քան այն էր երկու շաբաթ առաջ, ասել է նա:

«Մենք ունենք ավելի ուժեղ հավաքական վճռականություն»,- ասել է Սթարմերը՝ հավելելով, որ և այսօր «նոր պարտավորություններ են դրվել սեղանին», թեև չի մանրամասնել, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը:

Մասնակիցները համաձայնել են, որ այժմ պետք է անցնեն «օպերատիվ փուլի» և որ այժմ «Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում» գործադրելու ժամանակն է։

Սթարմերն ասել է, որ այսօր քննարկվել են Ուկրաինայի ռազմական կարողություններն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում բարձրացնելու ուղիները, ինչը, ըստ նրա, ևս կօգնի ճնշում գործադրել Կրեմլի վրա:

Ռուսաստանի սառեցված ակտիվները

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ մասնակից երկրների առաջնորդները քննարկել են նաև այն, թե «որքան առաջ կարող ենք գնալ» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում, ներառյալ՝ արդյոք Ռուսաստանի սառեցված ակտիվները կարող են բռնագրավվել: Սթարմերը նշել է, որ սա բավական բարդ թեմա է, որ կքննարկվի նաև հաջորդ հանդիպումների ժամանակ:

Ըստ նրա՝ եթե անհրաժեշտ չափով ճնշում գործադրվի Պուտինի վրա և Ռուսաստանին ցույց տան հավաքական վճռականություն և որոշակի հստակ առաջնորդություն այս հարցում, ապա հնարավոր կլինի Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ և էլ ավելի մոտենալ խաղաղությանը: Այդ բանակցությունների արդյունքը պետք է լինի «արդար և կայուն խաղաղությունը», որը ցանկանում են բոլորը, հատկապես ուկրաինացիները, ասել է նա:

Ուկրաինայում խաղաղությունը «շատ կարևոր» է Եվրոպայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության և անվտանգության համար, քանի որ Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են նաև Մեծ Բրիտանիայի վրա, ասել է Սթարմերը:

Պուտինը ստում է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը քննարկման ժամանակ կրկին հայտարարել է, որ «Պուտինը կշարունակի ձգձգել» պատերազմը, քննարկումից հետո սոցցանցում գրել է, որ «խաղաղությունը պետք է հաստատվի անվերապահորեն», և «եթե Ռուսաստանը դա չի ցանկանում, ապա պետք է ուժեղ ճնշում գործադրվի, մինչև նրանք ցանկանան դա»:

«Հրադադարը կարող էր արդեն տեղի ունենալ, բայց Ռուսաստանն անում է ամեն ինչ դա կանխելու համար», - գրել է նա X-ում՝ հավելելով, որ սա Ռուսաստանի պատերազմն է, որը դադարեցնելու համար «անհրաժեշտ է ակտիվ ճնշում, այլ ոչ միայն բանակցություններ»։

Զելենսկին նշել է՝ անվտանգության երաշխիքները «խաղաղությունը հուսալի և տևական դարձնելու համար կարևոր են» և «խաղաղությունն ավելի հուսալի կլինի տեղում եվրոպական զորամիավորումների և ամերիկյան կողմի հետ՝ որպես աջակցություն»:

«Աշխարհը պետք է հասկանա, որ Ռուսաստանն է միակ խոչընդոտը, որը խանգարում է խաղաղությանը», - գրել է նա:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ «Պուտինը ստում է բոլորին» Կուրսկում իրավիճակի և հրադադարի մասին համաձայնագրի մասին։ Զելենսկին նշել է, թե իրականությանը չի համապատասխանում Պուտինի հայտարարությունը, թե Կուրսկում ուկրաինացի զինվորները շրջափակման մեջ են:

«Ճշմարտությունն այն է, որ Պուտինն արդեն ձգձգել է պատերազմը Ջիդդայի բանակցություններից հետո մոտ մեկ շաբաթ: Եվ նա կշարունակի ձգձգել այն»,- նշել է նա:

Ռուսական զորքն այսօր Կուրսկում ևս երկու բնակավայր է ետ վերցրել: Ավելի վաղ էլ ռուսական կողմը հաղորդել էր, որ իր վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 96 տոկոսն այն տարածքների, որոնք ուկրաինական զորքը գրավել էր անցած օգոստոսի հանկարծակի հարձակման ժամանակ: Զելենսկին իր հերթին երեկ հայտարարել էր, որ Կուրսկի գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, քանզի դրանով ռուսական կողմին ստիպել են դուրս գալ Պոկրովսկից, Խարկովից և Սումիից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG