Մատչելիության հղումներ

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ


Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ ընթացակարգի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Ղարիբ Բաբայանը երեկ ձերբակալվել է իրանցիների մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի տարածման դեպքով: Ապա դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը: Նա ազատության մեջ է: Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» են երգում ու զվարճանում: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձերբակալվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավարը, գործը հարուցվել է ատելություն, թշնամանք հրահրելուն նպատակով նյութեր տարածելու հոդվածով:

Մարդու իրավունքների պաշտպանը, ելնելով անձի կատարած հրապարակման և իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։

«Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից», - նշում է ՄԻ պաշտպանը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։

Այս փուլում ՄԻՊ-ը ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։

Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն, և սահմանափակվել է հրապարակային խոսքով հանդես գալը:

XS
SM
MD
LG