Եվրոպայում Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցները պատրաստվում են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական կուրսի փոփոխությանը և տրանսատլանտյան հարաբերությունների հնարավոր խզմանը՝ Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով դիվանագիտական, քաղաքական ու վերլուծական շրջանակների 15 աղբյուրների։
Ըստ թերթի, մասնավորապես, Եվրոպայում քաղաքական գործիչները քննարկում են` ինչպես կարող են ապահովել իրենց երկրների անվտանգությունն ու աջակցությունն Ուկրաինային առանց Նահանգների։
Թրամփի նախագահության տարիներին էր, որ բազմաթիվ հակասություններ ի հայտ եկան Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև՝ ՆԱՏՕ-ի ֆինանսավորումից մինչև Իրանի միջուկային ծրագիր։Հիմա էլ, պայքարելով Սպիտակ տուն վերադառնալու համար, Թրամփը խոստանում է վեր դասել ամերիկյան շահն ու բարձր մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների համար:
«Նրանք մեր ավտոմեքենաները չեն գնում, մեր ապրանքները չեն գնում, իրենց միլիոնավոր ու միլիոնավոր մեքենաներն են վաճառում Միացյալ Նահանգներում։ Այդպես չպետք է լինի, նրանք ստիպված կլինեն շատ բարձր գին վճարել դրա համար», - հայտարարում է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն:
Բարձր մաքսատուրքերն ամենաշատը կազդեն, թերևս, ավտոմոբիլային արտադրությամբ հայտնի Գերմանիայի վրա, որտեղ տնտեսությունն արդեն իսկ լճացման մեջ է։ Տնտեսական հարվածներից բացի, Թրամփը խոստանում է նաև կրճատել Ուկրաինային հատկացվող ամերիկյան օգնությունն ու բանակցել Ռուսաստանի հետ՝ պատերազմը կանգնեցնելու համար։
Ընդ որում, հիմա Եվրոպան ավելի խոցելի է, քան Թրամփի նախագահության օրերին։ Այն ժամանակ նա անթաքույց հակամարտության մեջ էր դաշինքի առաջատար երկրի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, մինչդեռ հիմա Եվրոպայում այդչափ ծանրակշիռ առաջնորդ չկա․ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի քաղաքական դիրքերը վերջին ընտրություններից հետո թուլացել են, Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցը ներքաշված է կոալիցիոն վեճերի մեջ՝ դիմակայելու ծայրահեղ աջերի վերածննդին, Մեծ Բրիտանիայում էլ վարչապետ Քիր Սթարմերի վարկանիշը 3.5 ամիս պաշտոնավարելուց հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Մյուս կողմից, Թրամփը Եվրոպայում ունի աջակիցներ, որոնց հետ դաշինքի ներսում կան լուրջ տարաձայնություններ․ օրինակ՝ Հունգարիայի առաջնորդ Վիկտոր Օրբանը, ով խոստացել է շամպայն խմել Թրամփի հաղթանակի դեպքում:
«Եթե Ամերիկայում երկրորդ անգամ նախագահ ընտրվի մեկը, ով ՆԱՏՕ-ն համարում է հնացած կառույց և այլևս չի ցանկանում ստանձնել անվտանգության պարտավորություններ, մենք ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք»․ - անցած շաաբթ հայտարարել է Գերմանիայի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, ընդգծելով. - «Մենք»-ն այս դեպքում վերաբերում է ոչ միայն գերմանացիներին, այլև ամբողջ Եվրոպային»։
Հիմա, ըստ The Washington Post-ի, Եվրամիության կենտրոնակայանում արագ արձագանման խումբ է ստեղծվել, որը ռազմավարություն ու քայլեր է մշակում՝ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձին պատրաստվելու համար։
«Թեև Հարիսի հաղթանակով բազմաթիվ մտահոգություններ կփարատվեն, բայց այս դեպքում էլ հարցեր կան», - ասում է Գերմանական Մարշալի հիմնադրամի անվտանգության հարցերով փորձագետ Գեյսին Վեբերը, հավելելով. - «Հարիսն ընտրարշավի ընթացքում առանձնակի չմանրամասնեց իր անելիքները արտաքին քաղաքականության ոլորտում։ Այնպես որ, նա ինչ-որ չափով առեղծված է մնում եվրոպացիներից շատերի համար»։
«Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև գործարքը պետք է առավել իրատեսական լինի», - տարիներ առաջ գրել էր Հարիսի ազգային անվտանգության գծով խորհրդական Ֆիլիպ Գորդոնը։ Եվրոպայում, ըստ The Washington Post-ի, դիվանագետներն ու քաղաքական գործիչներն առավել հաճախ են հակվում այն մտքին, որ անկախ վաղը կայանալիք ընտրությունների արդյունքներից՝ Եվրոպան պետք է ամրապնդի իր ռազմական ու տնտեսական պաշտպանությունը: Մի քայլ, որ, ըստ ընդդիմախոսների, դաշինքը պետք է ձեռնարկեր տարիներ առաջ դեռ։