Մատչելիության հղումներ

Օրբանը Ֆլորիդայում հանդիպել է Թրամփի հետ


Օրբան-Թրամփ հանդիպում Ֆլորիդայում, 11-ը հուլիսի, 2024թ․
Օրբան-Թրամփ հանդիպում Ֆլորիդայում, 11-ը հուլիսի, 2024թ․

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, երեկ մեկնել է Ֆլորիդա, հանդիպել, ԱՄՆ նախկին նախագահ, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։

Այցի մասին Օրբանը գրառում է կատարել X-ի իր էջում, նշելով՝ խաղաղության 5-րդ առաքելությամբ հանդիպել է Թրամփի հետ։

«Պատիվ է այցելել Դոնալդ Թրամփին։ Այսօր Մար-ա-Լագոյում քննարկեցինք խաղաղություն հաստատելու ուղիները։ Օրվա լավ լուրը՝ նա պատրաստվում է լուծել այն», - գրել է Օրբանը:

Հուլիսի սկզբին Օրբանը «խաղաղապահ առաքելությամբ» նախ այցելեց Կիև, ապա Մոսկվա, հետո Պեկինում բանակցություններ վարեց Չինաստանի նախագահի հետ ու մեկնեց Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Bloomberg-ն էլ տեղեկացրել էր, որ Օրբանը Վաշինգտոնից կմեկնի Ֆլորիդա՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ։

Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել Օրբանին՝ նշելով՝ խաղաղությունը պետք է հնարավորինս շուտ գա։

Թրամփն ու Օրբանը վերջին անգամ հանդիպել էին այս տարվա մարտին կրկին Ֆլորիդայում։ Հանդիպումից հետո Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ Թրամփը «հստակ տեսլական ունի»՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին։

Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային։ Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի։ Օրբանն էլ Կիևում և Մոսկվայում հանդիպումներից հետո ԵՄ ղեկավարությանն ուղղված նամակում գրել է, որ Ուկրաինա և Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ չի խոսել ԵՄ-ի անունից, այլ միայն ցանկացել է պարզել պատերազմող կողմերի դիրքորոշումները։

Օրբանը քննադատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Նա Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ ամենաջերմ հարաբերություններ ունեցող ԵՄ առաջնորդն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG