Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներն արդեն երրորդ օրն է ինչ քննադատում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի այն անդամները, որոնք կխուսափեն ռազմական ծախսերի ավելացումից՝ չհասցնելով դրանք ՀՆԱ-ի 2 տոկոսին, կարող են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության ընթացքում միայնակ մնալ։
«Իմ նախագահության ընթացքում ես հանդես եկա ելույթով և ասացի՝ դուք պետք է վճարեք։ Դաշինքի անդամ խոշոր պետություններից մեկի նախագահը սրան ի պատասխան հարց ուղղեց ինձ՝ իսկ եթե մենք չվճարենք, բայց հետագայում ենթարկվենք Ռուսաստանի հարձակմանը, դուք մեզ կպաշտպանե՞ք։ Ես պատասխանեցի՝ ոչ, ես չեմ պաշտպանի ձեզ։ Ավելին՝ ես կխրախուսեմ նրանց, որ անեն այն ամենն, ինչ ցանկանում են», - Հարավային Կարոլինայում ունեցած նախընտրական ելույթում հայտարարում էր Թրամփը։
Առաջինն այս հայտարարությանն արձագանքեցին ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմից։ «Մարդասպան վարչակազմերի կողմից մեր մերձավորագույն դաշնակիցների դեմ հարձակումների խրախուսումը սարսափելի է և խելահեղ։ Նման պահվածքը վտանգում է Ամերիկայի ազգային անվտանգությունը, համաշխարհային կայունությունն ու երկրի տնտեսական վիճակը», - նշված էր Սպիտակ տան հայտարարության մեջ։
Պակաս կոշտ չէր նաև Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցների արձագանքը։ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը Թրամփի հայտարարություններին անդրադարձավ երկուշաբթի երեկոյան՝ Բեռլինում, Լեհաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«ՆԱՏՕ-ի անդամների փոխադարձ պաշտպանության խոստումը որևէ սահմանափակման չի ենթարկվում, այստեղ գործում է «բոլորը մեկի և մեկը բոլորի համար» սկզբունքը: Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության երաշխիքները այս կամ այն գործոնով պայմանավորելը անպատասխանատու և վտանգավոր քայլ է, որը բխում է բացառապես Ռուսաստանի շահերից», - հայտարարում էր Շոլցը։
Այն, որ Թրամփի հայտարարություններն առավելապես Կրեմլին են ձեռնտու, պնդում է նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«ՆԱՏՕ-ի անվտանգության ու կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածով սահմանված համերաշխության սկզբունքի վերաբերյալ անխոհեմ հայտարարությունները ծառայում են միայն Պուտինի շահերին», - գրել է Միշելը X-ի իր օգտահաշվում։
Նկատվում է, ի դեպ, որ Թրամփի հայտարարությունները լրջորեն մտահոգել են հատկապես ՆԱՏՕ-ի արևելաեվրոպացի անդամներին՝ նախևառաջ լեհերին:
«Դոնալդ Թրամփի այս խոսքերը պետք է սառը ցնցուղի ազդեցություն ունենան բոլոր այն մարդկանց համար, որոնք հետևողականորեն անտեսում են այն աճող վտանգը, որին առևերեսվում է Եվրոպան։ Մենք պետք է ավելին անենք Եվրոպայի անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարում էր Լեհաստանի վարչապետը՝ հիշեցնելով, որ թե' Վարշավան և թե' Բեռլինը այժմ գտնվում են Ռուսաստանի արևմուտքում տեղակայված «Իսկանդեր» համակարգերի հասանելիության գոտում։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն իր գործընկերներին խորհուրդ է տալիս չանտեսել Միացյալ Նահանգներում ընթացող քարոզարշավի ժամանակ հնչող հայտարարությունները և պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։
«Վերջին մի քանի օրերին բոլորն էին ի վիճակի լսել Հանրապետական կուսակցության թեկնածուի հայտարարությունները։ Ես Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդներին չեմ դադարի համոզել, որ այս կառույցն արդյունավետ է աշխատում, այդ թվում՝ ի շահ Միացյալ Նահանգների։ Դրա հետ մեկտեղ, ամեն րոպեն ոսկու գին ունի, եթե, իհարկե, մենք ցանկանում ենք եվրոպացիներին նախապատրաստել այն ցնցմանը, որ կարող է տեղի ունենալ, եթե իրականություն դառնա Դոնալդ Թրամփի նկարագրած սցենարը։ Մենք պետք է վերլուծենք ողջ կոնտեքստը՝ հատկապես ամերիկյան ընտրությունների կոնտեքստը», - հայտարարում էր ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը։
Ամերիկյան ընտրությունների կոնտեքստը, սակայն, Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին որևէ լավ բան չի խոստանում։ Դա են վկայում մասնավորաբար վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ տարածքում անցկացված բոլոր ծավալուն սոցհարցումները։ Դրանց արդյունքները վկայում են՝ եթե ընտրությունները կայանային այս ամիս, ապա Դոնալդ Թրամփը գործող նախագահ Ջոզեֆ Բայդենից առաջ կանցներ առնվազն 1, առավելագույնը՝ 4 տոկոսով։
Միայն Լատինական Ամերիկայում մի շարք ընտրությունների արդյունքները ճշգրտորեն կանխատեսած Atlasintel կենտրոնի հարցումն է, որ չի բացառում Դոնալդ Թրամփի պարտությունը։ Չորս օր առաջ հրապարակված այս հետազոտության հեղինակների պնդմամբ, այդուհանդերձ, դեմոկրատներն աշնանը կայանալիք ընտրություններում կարող են հաղթել միայն մի դեպքում՝ եթե Ջոզեֆ Բայդենի փոխարեն Թրամփի հետ մրցի նախկին առաջին տիկին Միշել Օբաման։