Մատչելիության հղումներ

Ռուս սահմանապահներն ավարտեցին ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում


Ռուս Սահմանապահները Հայաստանում, արխիվ
Ռուս Սահմանապահները Հայաստանում, արխիվ

Այսօր ռուս սահմանապահներն ավարտեցին իրենց ծառայությունը Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հրաժեշտի պաշտոնական արարողության ժամանակ ռուս սահմանապահներին շնորհակալություն են հայտնել անթերի աշխատանքի համար ու նշել, որ նրանք արժանապատվորեն են կատարել իրենց պարտականությունները։

Ռուսաստանը հպարտանում է ձեզնով, ասել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը։

«Ձեր ոչ միշտ նկատելի, բայց շատ անհրաժեշտ աշխատանքը զգալի ներդրում է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։ Վստահաբար կարելի է ասել, որ սահմանը, ձեր շնորհիվ, կողպված է։ Հայաստանի սահմանապահ զորքերի գործընկերների հետ ձեր համատեղ ծառայության ընթացքում նրանց փոխանցել եք անգնահատելի փորձ, գիտելիք և հմտություն, որը լավ հիմք է հետագայում անցակետի բարձր մակարդակով գործունեության համար», - նշել է ռուս դիվանագետը։

ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարները նշել են, թե «Հույս ունեն, որ Հայաստանի անվտանգությունը նույն բարձր մակարդակով կապահովեն նաև հայ գործընկերները»։

Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը նույնպես շեշտել է, որ «ավելի քան 32 տարվա համատեղ ծառայության ընթացքում ռուս սահմանապահների փոխանցած փորձն ու գիտելիքները կշարունակեն կիրառվել հայրենիքին ծառայելու գործում»:

Լրատվամիջոցների տարածած տեսանյութում երևում է, որ կողմերը արձանագրություն են ստորագրել «Զվարթնոց» օդանավակայանում պետական սահմանի պահպանությունը հայկական կողմին անցնելու մասին։

Դեռ ամիսներ առաջ՝ մարտի 12-ին էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուսներին հանելու մասին քննարկումներին, հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս կգան «Զվարթնոց»-ից ու Հայաստանն այստեղ ինքնուրույն կիրականացնի ծառայությունը։

Վարչապետն ասել էր, որ Հայաստանի սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել «Զվարթնոց»-ում ծառայություն իրականացնելու համար։

«Տեղեկացրել են՝ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ՀՀ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում բավարար փորձ, հմտություն է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության», - ասել էր Փաշինյանը՝ հստակեցնելով՝ Երևանը ոչ թե դիմել, այլ տեղեկացրել է ռուսական կողմին այդ որոշման մասին։

Դեռ գարնանից էր հայտնի, որ ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին։ Համաձայնությունը ձեռք էր բերվել վարչապետ Փաշինյանի ու նախագահ Պուտինի միջև մայիսի 8-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Այսօր ռուս սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ ամփոփվել են նաև պետական սահմանի ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծման ուղղությամբ 1992 թվականից առ այսօր իրականացված աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG