Սյունիքի Ներքին Հանդի սկզբնամասում տեղակայված ռուսական անցակետում դեռ մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը։
«Ես էս անգամ եկա, չկային։ Անցած անգամ էլ չկային։ Էս շաբաթվա մեջ երկու անգամ գնացել եկել եմ, չկային», - «Ազատության»-ը պատմեց Ներքին Հանդի բնակիչ Լևոն Զաքարյանը։
Անցակետի մուտքի մոտ նաև հավաքված մալուխներ կային։ Գյուղացիները կարծում են՝ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից։
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։
Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը օրերս իրենց մոսկովյան վերջին հանդիպմանը համաձայնեցրին ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից։ Հայաստանի իշխող խմբակցության քարտուղարը նույն օրը հստակեցրել էր, որ ռուսները դուրս կգան Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց Ձորից, Տավուշից ու Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից։ Նրանք, սակայն, ծառայությունը կշարունակեն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին։
Ներքին Հանդի բնակիչ Մելս Բաղդասարյանը լսել է Սյունիքի որոշ հատվածներից ռուսական ուժերի դուրսբերման պայմանավորվածության մասին, սակայն այդ ձևակերպումը առնվազն տարօրինակ է համարում։
«Նրանք ինձ թվում ա՝ չեն գնա։ Ի՞նչ է նշանակում Սյունիքից դուրս գալը, երբ որ ռուսական զորքը պետք է պաշտպանի Իրանի և Թուրքիայի սահմանը, որը որ 30 տարի ա՝ իրենք կանգնած են», - նշեց նա։
Վերջին 4 տարիների սահմանային մի քանի միջադեպերի ընթացքում գյուղացիները ռուսական կողմի որևէ ակտիվ միջամտություն չեն նկատել։ 77-ամյա տղամարդը միայն մի դեպք հիշեց. - «Անցած տարի մեր զինվորների մասունքները, մեկը վիրավոր էր, եկավ, գյուղ հասավ, ընկերոջը քարշ տալով էս մեր վերևի, որ հիմի գրավյալ ա, տարել էր էնտեղ։ Ինքը գիտեր տեղը, մի տարի հետո Կարմիր խաչի, ռուսական սահմանապահ զորքերի, ադրբեջանցիների հետ գնացին, մասունքերը էդ երեխայի բերեցին, տարան։ Միակ մասնակցությունը իրենց դա ա եղել։ Իրենք էնպիսի բաներ չեն արել։ Անվտանգության երաշխավոր են, ասում են, բայց կռվի ժամանակ էդպիսի միջամտություն չի եղել»։
2022-ի սեպտեմբերին հարձակման ժամանակ Ադրբեջանի վերահսկողությանն են անցել Ներքին Հանդի հողատարածքները, գերեզմանը, խմելու ջրի փականները։ Գյուղացիները անպատասխան հարցեր են հնչեցնում։
«Մեր գերեզմանը իրանց տիրապետության տակ ա, մեր հուշարձանը, մեր եկեղեցին, մեր նախկին գյուղը հենա իրանց տիրապետության տակ։ Ի՞նչ ա, էդ խաղաղապահ զորքը չի տեսել՝ ինչ ա կատարվում։ Եվրադիտորդները որ գալիս էին, թույլ չէին տալիս էնդեղից գան էստեղ, եվրադիտորդնները ստե չեն եկել, որովհետև չեն թողացել։ Պատճառը ի՞նչն էր», - ասում է Լևոն Զաքարյանը։
Այս օրերին Տավուշ-Ղազախ հատվածում կատարվող սահմանազատման աշխատանքների ընթացքին Ներքին Հանդում ուշադրությամբ են հետևում։ Սահմանազատումն իրե՞նց էլ կհասնի՝ վստահ չեն։
Ռադիկ Բաղդասարյանն ասում է՝ գյուղում բոլորը գիտեն խորհրդային տարիների սահմանը, սակայն վստահ չեն, թե Ադրբեջանը ետ կգնա օկուպացրած հատվածներից։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.