Մատչելիության հղումներ

«Հաճելի չէ լսել». Հակոբ Արշակյանը Թուրքիայի երկնքով դեպի Հայաստան բեռի փոխադրման արգելքի մասին


Արխիվային նկար
Արխիվային նկար

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի համար հաճելի չէ լսել, որ Թուրքիան արգելել է իր երկնքով դեպի Հայաստան բեռնափոխադրումը:

«Հաճելի չի նման լուրեր լսելը, և հույս ունեմ, որ կձեռնարկվեն բոլոր քայլերը, որպեսզի օդային տարածքներով...., ու նաև վերջերս Արտգործնախարարությունը ևս հայտարարեց, որ դիվանագիտական անձնագրերով անձանց տեղափոխումը մեր սահմաններով բաց կլինի», - ասաց Արշակյանը:

«Հետքն» էր 2 օր առաջ տեղեկությունը հրապարակել, հավելելով, թե օդանավը օնլայն գնված սպառողական ապրանքներ է տեղափոխել։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, բելգիական Լիեժ քաղաքից Երևան ուղևորվող օդանավը Բուլղարիայի ու Թուրքիայի սահմանին մոտ 50 րոպե պտտվելով վայրէջք է կատարել Վիեննայում, ապա վերադարձել Լիեժ։

Նույն եթովպական ավիաընկերության բեռնատար "Boeing"-ը հաջորդ օրը կրկին Երևան է եկել՝ այս անգամ շրջանցելով Թուրքիայի տարածքը՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի օդով։

Չնայած այս միջադեպին՝ օրինակ, Երևան-Աթենք ու հակառակ ուղղությամբ թռիչքները Թուրքիայի տարածքով են իրականացվում։ Հենց այսօր Հայաստանից Հունաստան այդ թռիչքը կայացել է։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ասացին՝ Երևանում վայրէջք կատարելու համար բեռնափոխադրողն ունեցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, այլ հարցերից տեղյակ չէին։ Նույն կոմիտեից պարզաբանեցին՝ ցանկացած թռիչքից առաջ ավիաընկերությունը ներկայացնում է թռիչքային երթուղին, դա հասանելի է դառնում բոլոր այն երկրներին, որոնցով օդանավը պետք է անցնի։ Այսինքն, Թուրքիան նախօրոք տեղյակ է եղել իր տարածքով Երևան եկող եթովպիական ավիաընկերության թռիչքի մասին, ու թե ի՞նչ պատճառաբանությամբ է հետո մտքափոխվել, պարզ չէ։

Այս միջադեպերը չե՞ն վկայում, որ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան Հայաստանի նման պատրաստակամ չէ:

Հակոբ Արշակյան
Հակոբ Արշակյան

«Քաղաքական կամքը, համենայնդեպս, Հայաստանի կողմից ամբողջական կա, որպեսզի բաց սահմանները լինեն իրողություն: Իսկ ինչ վերաբերում է՝ արդյոք նման լուրերը կամ նման որոշումները խնդիրներ ստեղծում են, քաղաքական կամքի տեսանկյունից, ես կարծում եմ, որ հայտարարություններին է պետք է հետևել. ես տեխնիկապես տեղյակ չեմ, թե ինչ խնդիր է առաջացել, նման խնդիրներ շատ տեղերում են առաջանում, բայց ես չգիտեմ՝ արդյոք դա քաղաքական որոշում է եղել, տեխնիկական խնդիր է եղել», - նշեց Արշակյանը:

Երևանն իր ակնկալիքը հենց գործընթացի սկզբում է հնչեցրել՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության առանց նախապայմանների։ 2.5 տարի է բանակցությունները ընթանում են, բայց առանց շոշափելի առաջընթացի։

Հակառակ պայմանավորվածության՝ մեկ տարուց ավելի է՝ Թուրքիան չի բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Հայկական կողմից Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է, բայց՝ անգործ։

Պատերազմից հետո սկսած հայ-թուրքական հաշտեցումը ժամանակ առ ժամանակ Անկարան պայմանավորվել է հայ-ադրբեջանական կարգավորմամբ։ Ժամեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանն ադրբեջանցի գործընկեր Ալիևին է վերապահել հայ-ադրբեջանական հաշտության որոշման կայացումը, Հայաստանի ղեկավարի մասին ոչ մի խոսք:

Հնարավո՞ր է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, լրագրողները հարցրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող Էրդողանին։

Հենց դաշինքի հանդիպման ընթացքում վերջին անգամ բանակցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարեցին առաջընթացի մասին, որն այդպես էլ անհայտ մնաց՝ ինչի՞ն էր վերաբերում։

«Այդ հարցում որոշում կայացնողն Իլհամ բեյն է, ոչ թե ես։ Բնականաբար, մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք ցանկանում ենք տեսնել այդ հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից», - Վաշինգտոնում ասել է էրդողանը:

Երևանում դեռ հույս ունեն, որ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման պայմանավորվածությունը պահվում է. - «Մեր խոսակցության ընթացքում պայմանավորվածությունն այնպիսին է, որ չպիտի լինեն նախապայմաններ: Ես հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները պահվում են: Սահմանների բացումը բխում է երկու երկրների և երկու ժողովուրդների շահերից, ու հույս ունեմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա»:

Ինչո՞ւ չեն կատարվում հայ-թուրքական պայմանավորվածությունները. պատճառները չեն հրապարակայնացվում։

XS
SM
MD
LG