Մատչելիության հղումներ

Հայաստանը գործողությունների է սպասում Թուրքիայից


Հայաստանն ակնկալում է, որ կյանքի կկոչվի Թուրքիայի հետ ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը, այսօր հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Բայց, առաջ շարժվելու համար, ըստ Արմեն Գրիգորյանի, Հայաստանը գործողությունների է սպասում Թուրքիայից։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները դեռ 2022-ի ամռանն են պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար և թեև հետագայում տարբեր առիթներով վերահաստատել են սա, բայց այդ ուղղությամբ առաջընթաց չկա: Գրիգորյանն այսօր նշել է, թե ժամկետներ չկան։

Թեև պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, բայց Հայաստանի ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազանգերն են ակտիվացել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու հեռախոսազանգ է եղել՝ նախ Փաշինյան- Էրդողան, ապա արտգործնախարարների մակարդակով։ Արարատ Միրզոյանն իր թուրք գործընկերոջ հետ վերջին անգամ հանդիպել է այս տարվա փետրվարին Անթալիայում։ Թե որ կողմի նախաձեռնությամբ են զանգերը եղել, չեն հրապարակում։ Զրույցների բովանդակությունից էլ մանրամասներ չեն հաղորդում, միայն պաշտոնական տեղեկատվություն։


Զրույցների մակարդակով ակտիվություն նկատում է թուրքագետ Նելլի Մինասյանը, բայց պայմանավորվածությունների, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով առաջխաղացում՝ ոչ։

«Կարծես թե ինչ-որ գործընթաց կա, այն իմաստով, որ շփումներ, դիվանագիտական խոսակցություններ, ակնհայտ է, որ այդ հեռախոսազանգերի ընթացքում ինչ-որ առարկայական հարցեր են քննարկվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա, - «Առաջխաղացումը կլիներ միայն այն դեպքում, եթե մենք տեսնեինք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեին, ես կասեի, որ իսկապես կա որոշակի փոքր քայլ, բայց քանի դեռ այդ պայմանավորվածությունները չեն կատարվել, այստեղ որևէ արդյունքի մասին խոսել ուղղակի տեղին չէ»։

Թուրքագետի կարծիքով՝ այս շփումները չպետք է դիտարկել զուտ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այլ տարածաշրջանային բազմաշերտ զարգացումների. - «Առաջին հերթին Արևմուտք-Ռուսաստան լարվածության, այդ համատեքստում թե՛ Թուրքիայի, թե՛ ըստ էության Հայաստանի վերջին շրջանի քաղաքական դիվերսիֆիկացման հետ կապված, և երկրորդը տարածաշրջանային զարգացումներն են՝ հայ- ադրբեջանական գործընթացը, կոմունիկացիաների խնդիրը»։

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ թուրքագետը նկատում է, որ վարչապետ Փաշինյանը ջանքեր է գործադրում ցույց տալու, թե Թուրքիայի հետ կարող է ուղիղ խոսել։ Անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարները փորձել են հարաբերությունները կարգավորել, բայց էականն, ըստ Մինասյանի, Թուրքիայի վերաբերմունքն է։ Նրա կարծիքով՝ Անկարայի համար այդ հարցը հիմա առաջնային չէ, Թուրքիայի գլխավոր նախապայմանը շարունակում է մնալ «Զանգեզուրի միջանցքը», որքան էլ որ նշում են, թե երկխոսում են առանց նախապայմանների։

«Հայաստանի հնարավորություններն իմանալով՝ Թուրքիան կփորձի ավելի մեծ ճնշումներ գործադրել և փաստացի շարունակում է ճնշումների քաղաքականությունը։ Չեմ կարծում, որ այդ քաղաքականությունը մեզ մեծ ձեռքբերումներ կտա», - նշեց Նելլի Մինասյանը։

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետներն էլ դեռ հայտնի չէն։ Անթալիայում Սերդար Քըլըչը առաջարկել էր հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Ժամկետի մասին այսօր էլ ԱԺ փոխնախագահ, հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը «Ազատության»-ը հստակ բան չի ասել։

Մինչ այդ Թուրքայից արդեն երկրորդ անգամ են ողջունում Հայաստանի քայլը, որ ճանաչեց Պաղեստինի պետությունը։ Արդյոք սա նույնպես Թուրքիային սիրաշահելու համար էր. թուրքագետի կարծիքով՝ սա կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ։

XS
SM
MD
LG