Մատչելիության հղումներ

Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհ. ի՞նչ ուղերձով է Օ՛Բրայենն այցելում Բաքու


Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, արխիվ
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, արխիվ

Բայդենի վարչակազմը ծրագրում է Երևանին և Բաքվին ևս հրավիրել ՆԱՏՕ-ի հավաքին

Երևանը չի հերքում, բայց և չի հաստատում, որ առաջիկայում Վաշինգտոնում հայ - ադրբեջանական բանակցություն կամ հանդիպում կլինի։ Ադրբեջանական «Թուրան»-ն, իր աղբյուրներին հղում անելով, այսօր գրել է, թե Բայդենի վարչակազմը ծրագրում է Երևանին և Բաքվին ևս հրավիրել հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հավաքին, նաև՝ խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու նպատակով։

Բայց, «Թուրան»-ի հրապարակումից հստակ չէ՝ հրավերն ում է ուղարկվելու կամ արդեն ուղարկվել՝ երկրների ղեկավարների՞ն, թե՞ արտգործնախարարներին։

«Ազատության» հարցին՝ արդյոք վարչապետ Փաշինյանը նման հրավեր ստացել է, և Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև բանակցություններ կլինե՞ն, կառավարության աշխատակազմից պատասխանեցին՝ «բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկացնում են»։ Արտգործնախարարությունից որևէ պատասխան դեռ չկա։

Օ՛Բրայենը Բաքու է մեկնում Երևանի հետ խաղաղություն հաստատելու ուղերձով

Մինչ այդ խաղաղություն հաստատելու ուղերձով այսօր Բաքու է մեկնում Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը, որ երկու շաբաթ առաջ էլ Երևանում էր։

Հարցին՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ի՞նչ ուղերձ է փոխանցելու, արդյոք հստակ ասելու է Ալիևին, որ Հայաստանի դեմ հետագա ագրեսիան հետևանք է ունենալու, այցից ժամեր առաջ Ներկայացուցիչների պալատում Ջեյմս Օ՛Բրայենն ասել է. - «Մենք նախագահ Ալիևին շատ պարզ ասել ենք՝ խաղաղություն կառուցելու ժամանակն է»։

Պետդեպարտամենտն ընդգծել է, որ փոխպետքարտուղարի այցի նպատակներից մեկը Վաշինգտոնի աջակցությունն է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին, հատուկ շեշտել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը ևս օրակարգում է։

Ինչպես երկու շաբաթ առաջ Երևանում, Բաքու այցից առաջ էլ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կարևորել է տարածաշրջանի ապաշրջափակման թեման, շեշտել՝ խաղաղությունը ոչ միայն Կովկասի, այլև շատ ավելի ընդարձակ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցն է, որոնք եվրոպական շուկաներ կարող են հասնել՝ շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը։

«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Հետևաբար մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին ու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Մեսիջը հետևյալն է՝ խաղաղություն հաստատելու ժամանակն է»,- հայտարարել է Օ՛Բրայենը։

ԱՄՆ-ին հետաքրքրում է ոչ այնքան բեռների տարանցման այլընտրանքային ուղին, որքան էսկալացիայի վտանգը նվազեցնելը. քաղաքագետ

Ըստ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի՝ Նահանգներին ոչ այդքան հետաքրքրում է բեռների տարանցման այլընտրանքային ուղին, որքան էսկալացիայի վտանգը նվազեցնելը. - «Ադրբեջանից կսկսեն արտահանել Հայաստան, Թուրքիայից կսկսեն արտահանել Հայաստան, Հայաստանից՝ Թուրքիա, գուցե Հայաստանից Թուրքիայի տարածքով կսկսեն արտահանել Եվրոպա։

Դա կստեղծի որոշակի գործընկերային հարաբերություններ հասարակության ավելի մեծ թվով մարդկանց համար, և դա կլինի հավելյալ արգելք նոր էսկալացիայի, որովետև արդեն տասնյակ հազարավոր մարդիկ դեմ կլինեն էսկալացիային զուտ իրենց սեփական ֆինանսական շահերից ելնելով»։

Բացի այդ, քաղաքագետը տեսնում է՝ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով՝ հույս ունենալով, որ դա կբացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դուռը։ Ռուսաստանից Հայաստանի հեռանալու ուղին, ըստ Պողոսյանի, դա է։

«Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում է, որպեսզի ստորագրվի որևէ հայ-ադրբեջանական պայմանագիր, նույնիսկ ոչ համապարփակ, այլ զուտ սկզբունքների վերաբերյալ, որը ամենայն հավանականությամբ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչինչ չի փոխի՝ ադրբեջանցիները կշարունակեն օկուպացված պահել մեր մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածքը, կպահանջեն միջանցք, «Արևմտյան Ադրբեջան» և այլն, Հայաստանն ինչ-որ բաներ կանի կամ չի անի, սակայն կարծում եմ՝ ամերիկացիները մտածում են, հույս ունեն կամ գուցե նույնիսկ Թուրքիայի հետ արդեն պայմանավորվել են, որ շատ լավ, դու ասում ես՝ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեմ միայն պայմանագրի ստորագրումից հետո, մենք քեզ համար այդ թուղթը կբերենք, հիմա մեկ, թե երկու էջանոց, որի վրա մուգ տառերով գրված կլինի պայմանագիր, որից հետո դու կնորմալացնես հարաբերությունները Հայաստանի հետ, Թուրքիան նկատի ունեմ, իսկ դրանից հետո մենք Հայաստանի իշխանություններից ավելի կոշտ կպահանջենք, որ ձեռնարկեն կոնկրետ քայլեր Ռուսաստանից հեռանալու համար», - ասաց նա։

Մինչև նոյեմբեր՝ COP-29 համաժողովը քաղաքագետը էսկալացիայի վտանգ չի տեսնում։ Պաշտոնական Երևանը չի բացառում հարձակումը՝ Բաքվում անցկացվելիք միջազգային այդ համաժողովից հետո։ Իշխանականները նաև հնարավոր դրդապատճառներից են խոսում՝ զիջումներ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում։ Միացյալ Նահանգներն անցած տարի հայտարարել էր՝ ուժով միջանցք բացելը «կարժանանա կոշտ արձագանքի»։

Ճանապարհները Հայաստանի պայմաններով՝ ինքնիշխանության պահպանմամբ հնարավո՞ր է բացել, թե՞ Ադրբեջանը դեռ շարունակում է առանց վերահսկողության ճանապարհ պահանջել, Բենիամին Պողոսյանն ասում է. - «Արևմուտքը ցանկանում է ճանապարհներ զրո ռուսական վերահսկողությամբ, չեմ կարծում, որ Արևմուտքը համաձայն է, որ այդ ճանապարհներն ուղղակի Ադրբեջանը վերահսկի, այսինքն՝ Հայաստանից տարածքներ օկուպացնի, իհարկե ոչ։ Հայաստանն ասում է՝ ռուսական վերահսկողությանը դեմ, ադրբեջանական վերահսկողությանը դեմ եմ, բայց ինչ-որ պարզեցված վերահսկողության եմ կողմ։ Քանի որ Արևմուտքն ու Ռուսաստանն ամեն ինչ անելու են, որ միմյանց վերահսկողությամբ կամ անուղղակի ներգրավմամբ ճանապարհներ չբացվեն, չեմ բացառում, որ այդ բոլորը հանգեցնի նրան, որ ընդհանրապես ճանապարհները չբացվեն»։

Մոտ մեկ տարի է՝ Հայաստանը շրջանառության մեջ է դրել երկրների ինքնիքշխանության սկզբունքով ճանապարհների ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որին աջակցել են Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները։ Բաքուն, սակայն, մինչ օրս դրական չի արձագանքել։

XS
SM
MD
LG