Մատչելիության հղումներ

Չնայած խոստումներին՝ առողջապահական համակարգն այս տարի չի ներդրվի


Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի փաթեթը շուրջ 5 ամիս է Ֆինանսների նախարարությունում է: Կառույցից ասում են՝ դեռ քննարկումների փուլում են: Թե ե՞րբ այն կուղարկեն շուտով արձակուրդ գնացող խորհրդարան՝ չեն հստակեցնում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նշած հուլիսին մեկ ամիս մնաց։ Մինչ Ֆինանսների նախարարությունը լռում է, Առողջապահության նախարարը խոստովանում է՝ ապահովագրության առաջին փուլը հուլիսին չի մեկնարկի:

«Այո, հունիս ամսին մենք չենք հասցնի այն արդեն ուղարկել և քննարկել, բայց աշնան նստաշրջանում կհասցնենք, կարծում եմ», - նշեց Ավանեսյանը:

Առողջության համապարփակ ապահովագրությունն ուժի մեջ է մտնելու փուլերով, առաջին փուլում համակարգից կօգտվեն այն քաղաքացիները, որոնք այս պահին էլ առողջապահական ծառայություններից օգտվում են պետպատվերի շրջանակներում՝ անվճար:

Հուլիսին ապահովագրության ուժի մեջ մտնելուն անհամբեր սպասում էր «Ազատությանը» նամակով դիմած մի քաղաքացի, որը խնդրել էր անունը չհրապարակել: Գրել էր՝ եղբայրը հաշմանդամության երրորդ խմբում է, սրտի հերթական ստենդավորումը պետք է անցնի, բայց գումար չունեն: Հույս ունեին, որ հուլիսին արդեն կօգտվեն առողջապահական ապահովագրությունից ու վիրահատությունն անվճար կլիներ։

«Սա լայնածավալ ռեֆորմ է ու մեծ ծախս՝ բյուջեի համար»,- ասում է նախարար Ավանեսյանն ու վստահեցնում, թե նախապատրաստական աշխատանքները, որոնք ուղիղ կապ չունեն օրենքի ընդունման հետ, արդեն սկսված են:

Փաստորեն, այսօր պետպատվերից օգտվողները ոչ թե հուլիսին, այլ մյուս տարի կօգտվեն առողջության համապարփակ ապահովագրությունից։ Աշխատող քաղաքացիներն ամսական 13 հազար 700 դրամ կվճարեն, տարեկան՝ 164 հազար դրամ: Մինչև այս պահը, սակայն, հստակ չէ, թե ինչ ծառայություններից կօգտվեն, ընդհանրական ասվում է, բայց հստակ՝ ոչ:

Պետությունը կսուբսիդավորի նաև տարեկան 300 հազարից քիչ եկամուտ ունեցողների ապահովագրավճարի 30-40 տոկոսը: Հստակ չէ նաև, թե բնակչության քանի տոկոսն է այս ցանկում ներառվելու: Մինչև այս պահը հայտարարվում էր, որ համապարփակ ապահովագրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027-ին:

XS
SM
MD
LG