Խոստացված հուլիսն ուժի մե՞ջ է
«2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են հանդիսանում», - առողջապահության նախարարի այս հայտարարությունից հետո «Ազատության» անանուն զրուցակցի ընտանիքը երկմտանքի մեջ է՝ սպասեն մինչև հուլիս, թե՞ սկսեն սրտի ստենտավորման համար պահանջվող գումարը հայթայթել:
«Երրորդ կարգ ունեցող անձանց համար, ցավոք, ստենտավորման գործընթացն ամբողջությամբ վճարովի է, և մենք ընտանիքով անհամբեր սպասում էինք ապահովագրության համակարգի ներդրմանը, որ վերջապես կարողանանք օգտվել պետության աջակցությունից առաջին և երկրորդ խմբերի նման: Հերթական ստենտավորումը, բնականաբար, մեր ընտանիքի համար ֆինանսական ահռելի բեռ է: Գուցե ոլորտի պատասխանատուները վստահեցնեն հանրությանը, որ անկախ ամեն ինչից համակարգը ներդրվելու է հուլիսին կամ եթե՝ ոչ, գոնե հստակ ժամկետ ասեն, որ կարողանանք որոշում կայացնել հաշվի առնելով սրտանոթային խնդիրների լուծման հրատապությունը», - նշել է մեր անանուն զրուցակիցը:
Նախարարն ու մյուս պաշտոնյաները անցած տարվանից հավաստիացնում են՝ առողջության համապարփակ ապահովագրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027-ին, մինչև այդ, ըստ փուլերի, տարբեր խմբեր կընդգրկվեն համակարգում: Ըստ այդ հայտարարությունների՝ 2.5 ամսից, առաջինը պետպատվերի ծառայություններից օգտվողները կներառվեն:
Նախագծի համահեղինակ Սամվել Խարազյանից հետաքրքրվեցինք՝ ժամկետները չե՞ն ուշանա, խոստացված հուլիսն ուժի մե՞ջ է:
«Մինչ այս պահը որևէ շեղման մասին խոսք չի կարա գնա, մենք պատրաստ ենք, երբ օրենքն ընդունվի, սկսել բուն գործընթացը, այսինքն, բոլոր ենթաօրենսդրական ակտերը պատրաստ են, կանոնադրությունը, մնացած բոլոր փաստաթղթերը», - պատասխանեց Խարազյանը:
Նախարարության ներկայացուցիչն ասաց՝ առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը դեռ 4 ամիս առաջ են ուղարկել Ֆինանսների նախարարություն: Հենց այս նախարարությունն էր, ի դեպ, տարիներ շարունակ անհամաձայնություն հայտնում նախագծի ֆինանսական հաշվարկների մասով: Ֆինանսների նախարարությունից «Ազատությանն» այդպես էլ չասացին, թե օրենքի նախագիծը ե՞րբ կուղարկվի կառավարություն, հետո խորհրդարան:
Թորոսյանն անիրատեսական է համարում նախարար Ավանեսյանի նշած ժամկետները
Առողջապահության նախկին նախարար, իշխող քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արսեն Թորոսյանն անիրատեսական է համարում նախարար Ավանեսյանի նշած ժամկետները. - «2024-ի հուլիսի 1-ը ռեալ չի ամենևին, որովհետև նույնիսկ օրենք չկա, մենք օրենք չենք տեսել»:
Աշխատող քաղաքացիները պետք է ամսական 13.700 դրամ վճարեն, տարեկան՝ 164.000 դրամ: Իսկ, թե դրա դիմաց ինչ ծառայություններից կարող են օգտվել՝ կհրապարակվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, հիմա ընդհանրական է ասվում: Տարեկան 300 հազարից քիչ եկամուտ ունեցողների ապահովագրավճարի 30-40 տոկոսը պետությունը կվճարի, իսկ սոցիալական որոշ խմբերինն՝ ամբողջությամբ կվճարի: Այսպիսի քանի՞ քաղաքացի կա Հայաստանում, նախարարությունից չեն հստակեցնում: Դեռ ստեղծված չէ նաև պետական այն հիմնադրամը, որը պետք է ֆինանսական հոսքերը կառավարի:
Ավելի քան 2 տասնամյակ առողջապահության գրեթե բոլոր նախարարները փորձել են ներդնել այս ծրագիրը, որ քաղաքացու ուսերից վերցվի առողջապահական ծախսերի զգալի բեռը: Բայց նրանցից որևէ մեկին դա չի հաջողել: Նախարար Անահիտ Ավանեսյանի նախորդի՝ Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ էլ չստացվեց։ Նա ասաց՝ քովիդն ու պատերազմն են նաև խանգարել: Ըստ նրա՝ վերջին 30 տարիների ամենամեծ բարեփոխմանը հասնելու ճանապարհը բարդ է ու ծավալուն: Իսկ, եթե ի վերջո նախագիծը հասնի հասնի, Թորոսյանը կողմ կքվեարկի՞:
«Պետք է հասկանանք՝ ինչ է գրված օրենքի մեջ: Ես մի հիմնական մեծ պրոբլեմ ունեմ դրա հետ, որ քաղաքացիները, որոնք ստանում են աշխատավարձ, պետք է վճարեն նույն չափի ապահովագրավճար, ինչը բնորոշ է կամավոր ապահովագրություններին, որևէ կերպ բնորոշ չէ համապարփակ ապահովագրություններին աշխարհի բազմաթիվ երկրներում, քանի որ համապարփակ առողջական ապահովագրությունն, ըստ էության, սոցիալական համակարգ է և ոչ թե ֆինանսական: Ու այնտեղ կա փոխհատուցման մեխանիզմ աշխատավարձի շեմով պայմանավորված, որը շատ բարդ մեխանիզմ է ու խճճելու է մեր բազմաթիվ գործատուների: Նաև չգիտենք ինչի մասին է վերջնական խոսքը», - ընդգծեց պատգամավորը:
Նախարարությունից շարունակում են պնդել, թե ժամկետների ձգձգման պատճառներ չկան, նախկին նախարարը հակադարձում է՝ իրատեսական չէ, որ այս տարվա հուլիսից արդեն կսկսի գործել պարտադիր ապահովագրության առաջին փուլը: Մինչ այդ մեր անանուն զրուցակիցը դեռ փնտրտուքների մեջ է, որևէ մեկն իրեն հստակ բան կասի՞, սպասեն մինչև հուլիս, թե՞ սկսեն բանկերի դռները թակել ու վարկ վերցնել ստենտավորման համար։