«Պրոցես է գեներացվում ոչ ժողովրդավարական ճանապարհով հեղաշրջում իրականացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ շեշտելով՝ «եկեղեցին էլ ամբողջությամբ լծվել է այս գործին»։
Ըստ նրա՝ շարժման հետևում նույն մարդիկ են, որոնք վրաններ էին տեղադրել, փակել էին փողոցները և պահանջում էին հրաժարական:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի, Հովհաննիսյանը պատասխանեց՝ խորհրդարանական ընդդմիադիր ուժերին:
«Առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին․ նա է կանգնած Բագրատ Գալստյանի ետևում՝ Կանադայի քաղաքացի, երկքաղաքացի, և Սերժ Սարգսյանն իր ամբողջ խմբակով՝ ծառայելով կայսրության նպատակներին», - նշեց իշխանական պատգամավորը։
Ճշտող հարցին, թե ո՞ր կայսրության՝ Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Հյուսիսային կայսրության, բնականաբար, Ռուսաստանին»:
Իսկ թե ինչո՞ւ է կարծում, որ Ռուսաստանը չպետք է ուզենա, որ Փաշինյանը շարունակի ղեկավարել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ որպեսզի Հայաստանը չլինի ինքնիշխան:
Ինչ վերաբերում է, թե ինչպես են անելու, իր համոզմամբ, անօրինական հեղաշրջումը, իշխանական պատգամավորն ասաց, որ տեսել է հրապարակում ուժեր, որոնք միացել են շարժմանը․ - «Օրինակ՝ «Բևեռը», որը հայտնի է իր ահաբեկչական գործելաոճով: Հետևաբար որոշ խմբեր, ովքեր հայտնի են իրենց բռնի գործողություններով, կարող է նորից գնան նույն ճանապարհով»:
Ի դեպ, Բագրատ սրբազանն այսօր հաստատեց, որ Հայաստանի ու Կանադայի քաղաքացի է․ - «Երկքաղաքացի եմ՝ Հայաստանի և Կանադայի քաղաքացի եմ։ Ես չեմ ուզել երբեք, մարդիկ տվել են որպես Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ»։
Սահմանադրությամբ նա չի կարողանա ՀՀ վարչապետ դառնալ:
Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին դեպի Երևան։ Մայիսի 9-ին նրանք արդեն Երևանում էին։ Նախօրոք հայտարարել էին, որ Երևանում մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման, սակայն երեկ հրապարակում կարմիր թելով անցնում էր վարչապետի հրաժարականի պահանջը։ Բագրատ սրբազանը նույնիսկ ժամանակ տվեց վարչապետին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում այսօր առավոտյան ժամը 10-ից անհնազանդության ակցիաներ են սկսելու։