Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» օգուտների մասին, գերմանական Die Zeit թերթի հարցազրույցում նա ասել է, որ այդ միջանցքի միջոցով Հայաստանը կարող է դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ գանձել և բարելավել հարաբերությունը Թուրքիայի հետ:
Հայկական կողմի մտահոգությունը նա աբսուրդ է համարել: Միջանցքը բացելու առաջարկից Հայաստանի հրաժարվելու դեպքում, նա նշել է, որ Իրանի տարածքով ևս կարող են Ադրբեջանը Նախիջևանին միացնող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ կառուցել, ինչն ընդամենը 10 կիլոմետրով է երկար հայաստանյան տարբերակից:
Պատասխանելով «Զանգեզուրյան միջանցքը» բացելու նպատակով պատերազմի հավանականության հարցին՝ Էլչին Ամիրբեկովը կտրականապես հերքել է նման տարբերակը:
Գերմանական պարբերականը գրել է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանից բաժանող գոտու երկարությունը ընդամենը 34 կմ է:
Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել բացել բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները, նշելով, որ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո: Բաքուն և Մոսկվան սևեռված են Մեղրիի շրջանի տարբերակի վրա, պնդելով, որ այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկն է, և ճանապարհի անվտանգությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահները:
Երեկվա ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է այդ հարցին. - «Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում»:
Իսկ 9-րդ կետի մասին ասաց, որ սխալ է մեկնաբանվում, այն տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է, որտեղ հաշվի է առնված նաև Նախիջևանի ճանապարհը, պնդեց Փաշինյանը, նշելով, որ այդ կետի հիմնական թեման տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակումն է: Նա ասաց, որ Ադրբեջանը ոչ մի ճանապարհ մինչև հիմա չի ապաշրջափակել, իսկ Հայաստանը պատրաստ է անցակետեր դնել, ապահովել Ադրբեջան-Նախիջևան կապը, բայց Ադրբեջանն այդ հնարավորությունից չի օգտվում:
Էլչին Ամիրբեկովը դրական է գնահատել Հայաստանի համաձայնությունը, որ Բաքուն հյուրընկալի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանը: Նա ասել է, որ Հայաստանի համաձայնությանը վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է:
«Տեսեք, COP 29 կլիմայի կոնֆերանսի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնությամբ մենք պայմանավորվեցինք փոխանակել 32 ձերբակալված հայ զինվորականներին 2 ադրբեջանցի զինվորականների հետ: Միևնույն ժամանակ Հայաստանը դարձավ COP-ի բյուրոյի անդամ, և դրա դիմաց նա համաձայնեց, որ Ադրբեջանը այս տարի հյուրընկալի կլիմայի կոնֆերանսը: Դա վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել», - ասել է Ամիրբեկովն՝ այդ պայմանավորվածությունը ներկայացնելով որպես փոխվստահության օրինակ: