Մատչելիության հղումներ

Շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով. Միրզոյան


«Շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով», - Արգենտինայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները, ըստ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը:

«Հայաստանն ունի նման հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին», - ընդգծել է ԱԳ նախարարը՝ շարունակելով, - «մենք շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով, և այս ճանապարհին կարևոր են նաև մեր միջազգային գործընկերների հստակ դիրքորոշումները, սատարումը առանցքային սկզբունքներին»:

Արարատ Միրզոյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Նախարարը շեշտել է Հայաստանի հետաքրքրվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում և այդ գործընթացի հիմքում դրվելիք չորս հիմնարար սկզբունքները:

Միրզոյանը Արգենտինա է մեկնել երեկ՝ մարտի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG