Մատչելիության հղումներ

Բաքվում դեռ դժկամություն են ցուցաբերում խաղաղության պայմանագրի նախագծում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելուն. Միրզոյան


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Եթե հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք այժմ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում, կարելի կլինի ասել, որ կողմերը շատ մոտ են վերջնական կարգավորմանը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Երևանում հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորության են հավատում, և այն պիտի հիմնվի կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչումը:

Միրզոյանը հիշատակել է Ալմա-Աթայի հռչակագրին հղում անող՝ սահմանազատման հարցերով զբաղվող երկու երկրների հանձնաժողովների հայտարարությունը:



Միաժամանակ, սակայն, նախարարն ընդգծել է, որ հարևանները «դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում»:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է նաև, որ Երևանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։

«Եթե դա իրականացվի, դա կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ», - ասել է Միրզոյանը: Այս համատեքստում նա կրկին ընդգծել է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։

«Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի»

Հարցին՝ «Երևանն այս փուլում վերանայո՞ւմ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին: Արդյո՞ք Հայաստանի օրակարգում է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը», Արարատ Միրզոյանն արձագանքել է. - «Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»։

«Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում»

Արդյո՞ք դա ենթադրում է այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ, այս կապակցությամբ էլ նախարարը, մասնավորապես, ասել է. - «Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և այո մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ: Դրանց մեջ կան հարցեր որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան»:

«Զուգահեռ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կայունության ապահովման հարցերում մենք խորացնում ենք մեր հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում և այլն: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն այս իրավիճակի էական նպաստող գործոններից է», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG