Ավստրալիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը, արագացնելու համար տարածաշրջանում խաղաղության գործընթացը, բայց «Համաս»-ը ոչ մի դեր չպետք է ունենա Պաղեստինի կառավարման գործում, հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Ուոնգը։
Նա ասել է, որ երկու պետություն ստեղծելու որոշումը, որի դեպքում իսրայելցիներն ու պաղեստինցիները կողք կողքի կապրեն երկու առանձին երկրներում՝ միակ հույսն է կտրելու բռնությունների անվերջանալի ցիկլը։
«Օսլոյի համաձայնագրից 30 տարի է անցել։ 30 տարի մի համաձայնագրից, որի գործընթացի վերջում պաղեստինյան պետություն է ստեղծվելու։ Տասնամյակների ընթացքում այս մոտեցումը իրականացնելու բոլոր կողմերի անկարողությունը, ինչպես նաև Նեթանյահուի կառավարության Պեղեստինի պետության հարցով նույնիսկ զբաղվելու մերժումը՝ մեծ հիասթափություն է առաջացրել։ Ուստի պաղեստինյան պետականության հարցը միջազգային հանրությունը հիմա դիտարկում է որպես միջոց ՝ խթանելու երկու պետություն ստեղծելու խնդրի լուծումը», - երեքշաբթի երեկոյան Ազգային համալսարանում ունեցած ելույթում ասել է Ավստրալիայի արտգործնախարարը։
Նեթանյահուի կառավարությունը չի ընդունում երկու պետություն ստեղծելու բանաձևը, իսկ անցած փետրվարին պաշտոնապես մերժել է նաև Պաղեստին պետությունը միակողմանի ճանաչելու մոտեցումը։
Սակայն գնալով ավելանում են առանց Իսրայելի համաձայնության պաղեստինյան պետականությունը ճանաչելու ձայները։ Եվրոպական մի քանի երկներ՝ Իսպանիան, Իռլանդիան, Սլովենին և Մալթան վերջերս հայտարարել են Պաղեստինի անկախությունը ճանաչելու մտադրության մասին։
Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը ևս ասել է, որ Պաղեստինի պետականության ճանաչումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից, անշրջելի կդարձնի երկու պետություն ստեղծելու որոշումը։
Պաղեստինը հիմա Միավորված ազգերի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի, հնարավոր է համարվում, որ ՄԱԿ-ը քննարկի Պաղեստինին լիիրավ անդամակցություն տրամադրելու հարցը։
Գազայի հատվածում պատերազմը ավելի քան կես տարի շարունակվում է։ Այն հրահրեց «Համաս»-ը, որը ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն իսրայելական բանակի պատասխան գործողություններից Գազայի հատվածում հազարավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվում, որի պատճառով Իսրայելի հասցեին միջազգային հանրության քննադատությունները սաստկանում են, այդ թվում՝ ամենասերտ դաշնակիցների կողմից։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Գազայի պատերազմին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մոտեցումը սխալ է համարում։
«Կարծում եմ նա սխալ է անում։ Ես համաձայն չեմ նրա մոտեցման հետ»,- ԱՄՆ-ում իսպաներեն հեռարձակվող հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Բայդենը։
Երեկ երեկոյան հեռարձակված հարցազրույցում նա Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը առաջիկա 6-8 ամիսներին և ապահովել սննդամթերքի և դեղամիջոցների հասանելիությունը Գազայում։ «Դա պետք է արվի հիմա»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը։
Իսրայելի հասցեին քննադատությունները ուժեղացան Իսրայելի բանակի զինծառայողների գործողության հետևանքով միջազգային հումանիտար կազմակերպության աշխատակիցների զոհվելուց հետո, որոնց թվում Ավստրալիայի քաղաքացի կար։
Ավստրալիայի ընդդիմությունը և հրեական համայնքի կազմակերպությունը դեմ են արտահայտվել պաղեստինյան պետությունը ճանաչելու գաղափարին։
«Պաղեստինի պետության կանխարգելիչ ճանաչման վերաբերյալ վարչապետ Ալբանիզի կառավարության փաստարկը պետականությունը վեր է դասում անվտանգությունից և կդիտվի որպես ներկայիս սարսափելի հակամարտությունը նախաձեռնած ահաբեկիչների հաղթանակ»,- հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Սայմոն Բիրմինգհեմը։
Սակայն արտգործնախարարը գտնում է, որ Պաղեստին պետության ստեղծումը պարգև չի լինի թշնամիներին, ընդհակառակը կնպաստի խաղաղությանը և կխարխլի ծայրահեղականությունն ու Իրանի դերակատարությունը։ «Իսրայելի սեփական անվտանգությունը կախված է երկու պետություն ստեղծելու որոշումից։ Իսրայելը երկարատև անվտանգություն չի ունենա, եթե չճանաչվի տարածաշրջանի երկրների կողմից»,- նշել է նա։
Անցած հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի ահաբեկիչների հարձակման հետևանքով իսրայելական կողմը հաղորդել է 1200 զոհի մասին, իսկ իսրայելական բանակի ռազմական գործողությունների հետևանքների մասին Գազայի հատվածը հաղորդում է ավելի քան 33 հազար զոհի մասին։ «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի տեղեկատվության իսկությունը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։
Իսրայելը պատրաստվում է մտնել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք, որտեղ պատերազմական շրջաններից փախած շուրջ մեկ միլիոն պաղեստինցիներ են ապաստանել։ Միջազգային հանրությունը Իսրայելին կոչ է անում Ռաֆահում ռազմական գործողության չդիմել, սակայն վարչապետ Նեթանյահուն օրերս հայտարարեց, որ «Համաս»-ի բրիգադները պետք է ամբողջովին ոչնչացվեն, այդ թվում՝ Ռաֆահում։