Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին


Վրաստան - Բողոքի ցույցը, բախումները Թբիլիսիում, 8-ը մարտի, 2023թ.
Վրաստան - Բողոքի ցույցը, բախումները Թբիլիսիում, 8-ը մարտի, 2023թ.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր աջակցությունն է հայտնել Թբիլիսիում անցկացվող ցույցերի մասնակիցներին՝ խոստանալով վետո դնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, որը «պետք է չեղյալ համարվի»։

«Ես ձեզ հետ եմ, մարդիկ, ովքեր ներկայացնում են ազատ Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ոչ մեկին հնարավորություն չի տա խլել այս ապագան», - հայտարարել է Զուրաբիշվիլին հատուկ ուղերձում։

«Առաջին իսկ օրվանից ասել եմ, որ վետո կդնեմ այս օրենքի վրա, և կանեմ դա, ինձ հետաքրքրում է միայն Վրաստանի ապագան, նրա Սահմանադրությունը, որի երաշխավորը ես եմ։ Բոլորը, ովքեր կողմ են քվեարկել այս օրենքին այսօր, խախտել են երկրի Սահմանադրությունը», - ընդգծել է պետության ղեկավարը։

Հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ ազատել են Վրաստանի խորհրդարանի շենքին հարող տարածքը։ Տուժածներ կան ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի ցուցարարներ են բերման ենթարկվել։ Կիրառվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ խորհրդարանի շենքի դիմաց, իսկ ավելի վաղ էլ՝ խորհրդարանին հարակից փողոցներում ցույց անող քաղաքացիների դեմ:

Ցուցարարների և իրավապահների միջև բախումները հաջորդել են խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը:

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը դա «սև օր» է համարել Վրաստանի ժողովրդավարության համար։

Նախագիծը քննադատող Վրաստանի ընդդիմությունը, մտավորականները, միջազգային կառույցները գտնում են, որ այդ օրենքը երկրում կսահմանափակի ազատությունները։

Առաջին ընթերցմանը հաջորդելու են երկրորդ, ապա՝ երրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունները, բայց հաշվի առնելով ձայների մեծ տարբերությունը՝ ենթադրվում է, որ օրենքը վերջնականապես կընդունվի. օրինագծին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13-ը։

XS
SM
MD
LG