Միացյալ Նահանգների իշխանությունները ողջունում են Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչը, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Ակնհայտ է {...}, մենք ողջունում ենք օրինագիծը հետ կանչելու որոշումը: Մենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը պաշտոնապես հրաժարվել այս փաստաթուղթից և չխրախուսել նման օրինագծերը», - ասել է նա լրագրողներին:
Փրայսի խոսքով՝ օրինագիծն «անհամատեղելի է վրացական և եվրատլանտյան արժեքների հետ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի խորհրդարանը, հնարավոր է, այսօր՝ արտահերթ լիագումար նիստում, պաշտոնապես կհաստատի օրենքի նախագիծը հետ կանչելու որոշումը։
Մարտի 7-ին և 8-ին Թբիլիսիում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Մարտի 9-ի առավոտյան իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է օրինագիծը հետ կանչելու որոշման մասին։