Մատչելիության հղումներ

Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել հյուսիսից. ՔՊ պատգամավոր


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, արխիվ

Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց իշխանական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Ինչո՞ւ Հայաստանը չի առաջարկել սահմանազատումը սկսել այն տարածքներից, որոնք ադրբեջանական կողմն օկուպացրել է՝ ի պատասխան ՔՊ-ական պատգամավորն առաջարկեց. - «Կարող եք այդ հարցն Ալիևին տալ, շատ մեծ խնդիր է եղել բերել այդ դաշտ և սկսել սահմանազատումը ինչ-որ մի տեղից, մի դրական բան եղավ սկսել սահմանազատումը, սկսվեց հիմա, Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»:

Դիտարկմանը, թե փաստորեն Ադրբեջանի ցանկությամբ է հայկական կողմն առաջնորդվում, Խաչատրյանն արձագանքեց. - «Բա Ադրբեջանի հետ ենք բանակցում»:

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Վարչապետն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։

XS
SM
MD
LG