Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարության ֆոնին, թե «Զվարթնոց» օդակայանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է», այսօր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է սահմանապահ զորքերում ընդունելության մասին։
Ըստ հաղորդման՝ ընդունվողները զինվորական ծառայության կանցնեն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և Հայաստանի պետական սահմանի մյուս անցակետերում՝ ենթասպայական պաշտոններում։
ԱԱԾ-ն նշում է, որ կարող են դիմել մինչև 30 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
ԱԺ նախագահը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Զվարթնոց» օդակայանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում:
«Հայաստանի համար արդեն որոշված թեմա է, և ես չեմ կարծում, թե քննարկելի կա», - ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասել է Սիմոնյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։
«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք», - ասել էր վարչապետը։
Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։ Մոսկվան արձագանքել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։