ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել էր, երբ Փաշինյանը որոշեց Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում։
«Երբ 2022-ին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը նույնպես Մակրոնի հնարամտությունն էր, նրանք փաստաթուղթ ստորագրեցին նախագահ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մեզ ոչ ոք այդ մասին տեղյակ չէր պահել: Հետո Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել էր․ «մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք»։ Որևէ բացատրություն չեղավ, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, և մենք զբաղվում էինք դրանով», - ասել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը և պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը վերացավ Պրահայից հետո, երբ Փաշինյանը ստորագրեց, որ Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի կազմում է։
Լավրովի խոսքով՝ ոչ թե Ռուսաստանն է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, այլ Հայաստանի իշխանությունը։
«Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիք ճակատագրի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, այդ դուք եք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Ռուսական կողմը մշտապես պնդում է, որ իրավիճակը փոխվել է, երբ Պրահայում 2022-ի հոկտեմբերին «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ի պատասխան պաշտոնական Երևանը ընդգծել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում վերահաստատել են իրենց հավատարմությունը 91 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրին, դրանից ոչինչ չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում։