Մատչելիության հղումներ

Բորտնիկով․ «Մարտի 22-ի հարձակման հետևում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան»


«Մոսկվայում հակված են այն մտքին, որ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման թիկունքում կանգնած են եղել Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան», - Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն այս մասին հայտարարել է այսօր Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում։

«Հանցագործները մտադիր էին հեռանալ արտերկիր՝ Ուկրաինա, և նրանց այնտեղ սպասում էին։ Ավելին, այն կողմում նրանց պատրաստվում էին որպես հերոսների դիմավորել», - պնդում է Բորտնիկովը։

Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարն ընդգծում էր, թե քննիչներն այս տեղեկատվությունը դեռ ստուգում են և «առայժմ պարզ չէ, թե ով էր հարձակման պատվիրատուն»։

Տեղեկատվության նման սղությունը, սակայն, ФСБ-ի տնօրենին չէր խանգարում անդրադառնալ նաև ուկրաինական հատուկ ծառայությունների ղեկավարների դեմ իրականացվելիք ինչ-ինչ գործողություններին։ Կրեմլում հավատարմագրված լրագրողներից մեկի հարցին թե արդյո՞ք Ուկրաինայի ռազմական հետախուզության պետ Կիրիլ Բուդանովը ռուսական կողմի համար օրինական թիրախ է հանդիսանում, Բորտնիկովը պատասխանում էր․ - «Բոլոր այն մարդիկ, որոնք հանցագործություններ են կատարում Ռուսաստանի և դրա քաղաքացիների դեմ, օրինական թիրախներ են»։

«Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք մինչև հիմա ողջ», - լրագրողներից մեկի ճշտող հարցին ФСБ-ի տնօրենը ժպիտով էր պատասխանում, - «ամեն ինչ դեռ առջևում է»։

Այն, որ գրեթե 140 մարդու կյանք խլած այս հանցագործության պատվիրատուներն Ուկրաինայում են, այսօր վստահաբար պնդում էր նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Նա սակայն, ինչպես և Բորտնիկովը կոնկրետ փաստեր այդպես էլ չներկայացրեց։

«Շատ վկայություններ կան [Ուկրաինայի ներգրավվածության մասին]։ Այժմ Քննչական կոմիտեն վերլուծում է այդ ամենը, և թե՛ հատուկ ծառայությունները, թե՛ իրավապահներն այդ տեղեկատվությանը տիրապետում են ու պատշաճ պահի կտեղեկացնեն այդ մասին», - նշում էր Պատրուշևը։

Մոսկվան Crocus-ի հարձակման ուկրաինական հետքի մասին վկայող որևէ ծանրակշիռ ապացույց չի ներկայացրել. վերլուծաբաններ

Ռուսական անկախ աղբյուրները, սակայն, նկատում են՝ չնայած պաշտոնյաների այս աղմկալի հայտարարություններին, Մոսկվան Crocus City Hall-ի վրա հարձակման ուկրաինական հետքի մասին վկայող որևէ հստակ, ծանրակշիռ ապացույց չի ներկայացրել։ Այս պահին ներկայացվող միակ փաստարկն, ըստ վերլուծաբանների, հարձակման հեղինակների փախուստի ուղղությունն էր՝ ենթադրաբար դեպի Ուկրաինայի հետ սահման։ Դրա հետ մեկտեղ ռուսաստանցի ընդդիմադիրների մեծամասնությունը որևէ կասկած չունի՝ Crocus City Hall-ում տեղի ունեցածի հաջորդ օրը ձերբակալված չորս տաջիկներն իրոք հարձակման անմիջական հեղինակներն էին։

Insider կայքն օրինակ համադրել է Crocus City Hall-ում հարձակման ժամանակ կատարված նկարահանումները և հաջորդ օրը, «Իսլամական պետություն» խմբավորման կողմից տարածած լուսանկարները՝ հանգելով եզրակացության, որ դրանցում նույն մարդիկ են պատկերված։

Այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ըստ «Ամերիկայի ձայնի», մոսկովյան հարձակման պատասխանատվությունը ստանձնած «Իսլամական պետության» աֆղանական թևի՝ «Վելայաթ Խորասանի» կազմում տաջիկ զինյալները կարևոր դերակատարություն ունեն։ «Տաջիկների թիվը խմբավորման ներսում թեև մեծ չէ, բայց նրանք «Վելայաթ Խորասանի» ռազմական ներուժի կարևոր մասն են կազմում», - նշում են փորձագետները։

Այս պահի դրությամբ հայտնի է Crocus City Hall-ի ահաբեկչության գործով կալանավորված ութ անձանց մասին։ Չորսը հարձակման անմիջական կատարողներն են, ևս երեքը այն ընտանիքի անդամներն են, որոնք ահաբեկիչներին էին վաճառել արդեն հայտնի դարձած սպիտակ գույնի Renault-ն, ևս մեկն էլ այն բնակարանի սեփականատերն էր, որտեղ տուն էին վարձում ահաբեկիչներից մի քանիսը։

Հնարավո՞ր էր խուսափել զոհերի նման մեծ թվից

Շարունակվող նախաքննությանը զուգահեռ Մոսկվայում ակտիվորեն ևս մեկ հարց են քննարկում՝ արդյո՞ք հնարավոր էր խուսափել զոհերի նման մեծ թվից։

Այս բանավեճի նախաձեռնողներից մեկը ռուսաստանցի ամենահայտնի իշխանամետ լրագրողներից մեկն էր՝ Մոսկվայի պետական համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը, որը սոցիալական ցանցերում գրում էր, թե զոհերի մեծ մասը կյանքից հեռացել է ոչ թե ահաբեկիչների արձակած կրակահերթերի, այլ համերգասրահում ծագած հրդեհի պատճառով։

Ռուսական Business FM ռադիոկայանի աղբյուրները ևս հաստատել էին, որ զոհերից շատերը չեն կարողացել դուրս գալ Crocus City Hall-ի շենքից, քանի որ տարհանման համար նախատեսված դռները կամ կողպված, կամ էլ արգելափակված են եղել՝ կամ տարատեսակ արկղերով, կամ էլ պարզապես աղբով։

Որպես հետևանք Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը հրահանգել է իր ենթականերին հատուկ ստուգումներ անցկացնել՝ պարզելու, թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

Crocus City Hall-ի սեփականատեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովը, սակայն, այս պնդումները կտրականապես հերքում էր դեռ ահաբեկչությանը հաջորդած ժամերին։

«Բացարձակապես բոլոր սարքավորումները՝ այդ թվում՝ ջրցան սարքերն ու հրդեհի մասին ծանուցող համակարգը աշխատել են ինչպես որ հարկն է», - հայտարարում էր Աղալարովը РБК-ի հետ զրույցում՝ խնամքով շրջանցելով, սակայն, տարհանման ուղիների արգելափակման մասին տեղեկությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG