Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությանն իբր հայերի առնչության վերաբերյալ «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ:
«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակաուղղված տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը ու ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ բորբոքելուն», - ասված է դեսպանության հայտարարությունում:
«Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ անմարդկային ոճրագործությունը դատապարտող հայտարարություններով: Մեր հայրենակիցները Երևանում վաղ առավոտից հարգանքի տուրք են մատուցում բոլոր զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ», - ընդգծում է դիվանագիտական առաքելությունը՝ ևս մեկ անգամ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթելով տուժածներին:
«Մեր բոլոր մտքերը և աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են», - ասված է հայտարարությունում:
Դեսպանատունը կոչ է անում կեղծ տեղեկատվություն չտարածել և կողմնորոշվել միայն դեպի պաշտոնական աղբյուրներ:
«Դոժդ» հեռուստաընկերության եթերում Crocus City Hall-ի ծագումով ադրբեջանցի աշխատակից ներկայացած ոմն «ականատես Էմին» հեռախոսով ուղիղ եթերում պնդում էր, թե հարձակում գործած ահաբեկիչներից հայերեն հայհոյանքներ է լսել: Հեռուստատեսության աշխատակիցը շտապեց հավելել, որ չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը:
Crocus City Hall-ի սեփականատերը ծագումով ադրբեջանցի Արազ Աղալարովն է, ում որդին՝ երգիչ և գործարար Էմին Աղալարովն Ադրբեջանի նախագահի դստեր նախկին ամուսինն է:
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին: