Մատչելիության հղումներ

Պուտինը մարտի 24-ին համազգային սուգ հայտարարեց, ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով է հանդես գալիս, Մոսկվա, 23-ը մարտի, 2024թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով է հանդես գալիս, Մոսկվա, 23-ը մարտի, 2024թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով։ Նա մարտի 24-ը համազգային սգո օր հայտարարեց, իսկ ահաբեկչության գիծը տարավ դեպի Ուկրաինա։

Նա նշեց, որ ահաբեկչական գործողությունն անմիջականորեն իրականացրած բոլոր չորս անձինք ձերբակալվել են։ «Նրանք փորձում էին թաքնվել և շարժվում էին դեպի Ուկրաինա, որտեղ, ըստ նախնական տվյալների, ուկրաինական կողմից նրանց համար պետական սահմանն անցնելու պատուհան էր պատրաստվել»,- ասաց Պուտինը։

Նա հավաստիացրեց, որ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները կհայտնաբերեն ահաբեկիչների բոլոր հանցակիցներին, որոնք նրանց ապահվել են տրանսպորտով, հանցագործության վայրից փախուստի ուղիներ են նախատեսել, զենք-զինամթերքի թաքստոցներ են պատրաստել։

ՌԴ նախագահն ասաց, որ ծանր փորձությունների ժամին Ռուսաստանը ավելի ուժեղ է դառնում, և այդպես կլինի նաև հիմա։

Պուտինն օգնություն խոստացավ բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակից, հիշեցնենք, հերքում են Կիևի որևէ առնչություն ահաբեկչությանը:

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին:

Այսօր առավոտյան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ ահաբեկչության կապակցությամբ 11 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ 4 անմիջական կատարողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG