Մատչելիության հղումներ

Վիճաբանություն՝ Ազատի հրդեհի գործով նիստին. ծնողերը նախազգուշացվեցին՝ «ոչ պատշաճ վարքի համար»


Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննությունն այսօր մեկնարկեց դատավոր Վարդան Հարությունյանի ու ծնողների միջև վիճաբանությամբ: Երեք ծնողեր նախազգուշացվեցին՝ «ոչ պատշաճ վարքի համար»:

Որդեկորույս ծնողներին վրդովեցրել էր այն, որ դատական նիստը հնարավոր է այսօր ևս հետաձգվի, այս անգամ՝ մեղադրյալ Մառլեն Սարգսյանի բացակայության պատճառով:

Պաշտոնեական անփութության համար մեղադրվող մայոր Մառլեն Սարգսյանը, որն ըստ մեղադրականի, պատասխանատու է եղել հակահրդեհային պաշտպանության համար, ըստ դատավորի, հրաժարվել է ներկայանալ դատարան: Մինչդեռ ինքը՝ Սարգսյանը պնդում է՝ պատասխանատու է եղել կոմունալ ծառայության համար: Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանը պարզաբանեց, որ Մառլեն Սարգսյանի նկատմամբ դատարանը նախորդ դատական նիստում էր սանկցիա կիրառել, որ նա կես ամսով չմասնակցի նիստերին: Դրանից հետո իր պաշտպանյալը սանկցիան չեղարկելու վերաբերյալ որոշում չի ստացել:

Այսօր դատարանը քննեց 5 մեղադրյալներից Գոռ Աղեկյանի կալանքի հարցը, նա էլ ողբերգական հրդեհի ժամանակ զբաղեցնում էր զորամասի թիկունքի պետի պաշտոնը։ Նրա պաշտպանները պնդեցին՝ որևէ հիմք չկա նրա կալանքը երկարաձգելու, հիմնավորեցին նաև, որ 52-ամյա Աղեկյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և կալանքի տակ գտնվելու դեպքում նրա առողջությունը կվատթարանա:

Դատավորը, սակայն, պաշտոնական անփութության համար մեղադրվող նախկին հրամանատարի կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 2 ամսով:

Մեղադրյալներից Մառլեն Սարգսյանի պաշտպանն, ի դեպ, այսօր անվստահություն հայտնեց դատավոր Վարդան Հարությունյանին: Հրդեհից մահացած զինվորների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը ևս հայտնեց՝ իրենք էլ են կողմ, որ դատաքնությունը Հարությունյանը չիրականացնի: Ըստ նրանց՝ դատավորն անկարող է այս գործ քննել: Դատարանը չընդունեց իր ինքնաբացարկի միջնորդությունը։

Այս գործով առանցքային մեղադրյալը կապիտան Եղիշե Հակոբյանն է, ով ըստ պաշտոնական վարկածի ՝ փորձել է բենզինով թեժացնել կացարանի վառարանը:

XS
SM
MD
LG