Դատարանը երեք ամիս ժամկետով երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև մայոր Մառլեն Սարգսյանի կալանքը։
Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց Եղիշե Հակոբյանն էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց։
Մառլեն Սարգսյանը զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետն էր: Ըստ մեղադրանքի՝ նա զբաղեցրել է հակահրդեհային ծառայության պետի պաշտոնն ու չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները:
Այսօրվա դատական նիստը լարված սկսեց. դատարան չէր ներկայացել տուժող Գարուշ Սարգսյանը:
Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ Սարգսյանն անհարգելի պատճառով չի ներկայացել նիստին։
Դատարանը որոշեց նրան հարկադրաբար դատարան բերել՝ դրա մասին նրան ծանուցելով:
Մառլեն Սարգսյանը վրդովվեց, հայտարարեց՝ չգործած մեղքի պատճառով անազատության մեջ է արդեն 1 տարի 2 ամիս, պահանջեց ազատություն, հայտարարեց անժամկետ հացադուլ սկսելու մասին: Նրա պահվածքի պատճառով դատավորը պահանջեց Սարգսյանին հեռացնել դահլիճից:
Նիստը հետաձգվեց դատավորի՝ մեղադրյալի նկատմամբ կիրառած սանկցիայի պատճառով:
Մանրամասներն՝ ավելի ուշ