Պաշտոնական Կիևը կրկին պնդում է՝ առանց արևմտյան սպառազինության նոր խմբաքանակների Ուկրաինան անկարող կլինի արդյունավետորեն հակազդել ռուսական ագրեսիային։ Այս մասին իր ամենօրյա ուղերձում հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատմելով ամերիկացի ամենահայտնի սենատորներից մեկի հետ նախօրեին կայացած հանդիպման մասին։
«Այսօր Հանրապետական կուսակցությունը ներկայացնող սենատոր Լինդսի Գրեմն այցելել էր Ուկրաինա։ Ես սենատորին ներկայացրեցի ռազմաճակատում տիրող կացությունը և այն կենսական ու ակնհայտ կարիքները, որ ունեն ուկրաինական պաշտպանական ուժերը։ Խոսքը ՀՕՊ Patriot համակարգերի, ATACMS տեսակի հրթիռային կայանքների, F-16 կործանիչների և իհարկե հրետանային միջոցների մասին է», - ասում էր Զելենսկին։
Ուկրաինական բանակում սպառազինության պակասի մասին ավելի ու ավելի ակտիվորեն են սկսել խոսել նաև Արևմուտքում։ Բրիտանական The Telegraph-ի և ամերիկյան The Washington Post-ի տեղեկություններով` ամենաօրհասականը ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռների շուրջ ստեղծված վիճակն է։
«Ուկրաինայում այնքան քիչ սպառազինություն է մնացել, որ երկրի խոշորագույն քաղաքների պաշտպանության համար նախատեսված հակաօդային պաշտպանության հրթիռները կարող են սպառվել արդեն այս ամսվա վերջին», - գրում է բրիտանական պարբերականը՝ հավելելով, թե մի քանի շաբաթից ուկրաինական բանակն ի վիճակի կլինի խոցել ռուսների կողմից արձակված հինգ հրթիռներից միայն մեկը։
Գրեթե նույն իրավիճակն է մարդուժով բանակի համալրման տեսանկյունից։ Երկուշաբթի երեկոյան լեհական Polsat News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին խոսել է այդ երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Ռայմունդ Անջեյչակը։
«Իրավիճակը ռազմաճակատում շատ դրամատիկ է։ Պետք է հասկանալ մի բան՝ պատերազմում հրաշքներ չեն լինում։ Գլխավոր հրամանատարի փոփոխությունը ռազմավարական իրավիճակը չի փոխում։ Այսօր գեներալ Սիրսկին բախվում է նույն խնդիրներին, որոնց նախկինում բախվում էր գեներալ Զալուժնին։ Բացի այդ, ես կարծում եմ, որ մարդկային կորուստները պետք է հաշվարկել ոչ թե հարյուր հազարներով, այլ՝ միլիոններով։ Երկրում ռեսուրսներ չեն մնացել, կռվողներ չեն մնացել», - հայտարարում էր լեհ գեներալը։
Այն, որ ռուս - ուկրաինական պատերազմի երրորդ գարունը կարող է վճռորոշ դառնալ, հասկանում են թե՛ Արևմուտքում, թե՛ Կիևում և թե՛ Մոսկվայում։ Եվ եթե ռուսական իշխանությունները հայտարարում են, որ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության նպատակները չեն փոխվել, երբեմն նույնիսկ նորերն ավելացնելով, օրինակ՝ ռուս - ուկրաինական սահմանի երկայնքով «սանիտարական» կամ բուֆերային գոտու ստեղծումը, ապա արևմտյան պետությունների համար առանցքային խնդիրը Ուկրաինային անհրաժեշտ սպառազինության գոնե նվազագույն ծավալների մատակարարումն է:
Արդեն առաջիկա օրերին Կիևը կսկսի ստանալ Չեխիայի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհից հավաքագրված շուրջ 800 հազար հրետանային արկերը։ Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի՝ Ռամշտայնում մեկնարկած հերթական նիստի մասնակիցներից ոմանք էլ հայտարարում էին օգնության առանձին փաթեթների մասին։
«Ռամշտայնում հրավիրված այս մի հանդիպման շեմին Գերմանիան ի մի է բերել օգնության հերթական փաթեթը, որի ընդհանուր արժեքը հասնում է կես միլիարդ եվրոյի։ Դրանում մոտ 10 հազար միավոր հրետանային սպառազինություն է ընդգրկված, որն այժմ գտնվում է մեր պահեստներում և ենթակա է շատ արագ, պարզ ասած՝ անհապաղ մատակարարման [Ուկրաինա]», - այսօր հայտարարում էր Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ հատուկ ընդգծելով, սակայն, որ արևմտյան սպառազինության հերթական խմբաքանակը ռազմի դաշտում պետք է կիրառեն իրենք՝ ուկրաինացիները։ «Բեռլինը զինվորականներ Ուկրաինա չի ուղարկելու», - որերորդ անգամ հայտարարում էր Պիստորիուսը։
«Դաշնային կանցլերը մի քանի անգամ շեշտել է՝ «Ուկրաինայում զորքեր չեն լինելու», և այս պահին դրան ավելացնելու որևէ բան մենք չունենք», - հայտարարում էր Գերմանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Ռամշտայնի հավաքը նախագահող ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն էլ այսօր կրկին հայտարարում էր. - «Ուկրաինայի հնարավոր պարտության տարբերակը չի էլ քննարկվում»։
«Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Պուտինը Ուկրաինայով չի սահմանափակվի։ Այսօր գլխավոր խնդիրը Ուկրաինայի գոյատևումն է։ Այնպես որ, մենք շարունակելու ենք միասնաբար դիմակայել Պուտինի նվաճողական արշավին և շարունակելու ենք պահպանել Ուկրաինայի ժողովրդի հանդեպ տածած մեր հավատը», - հայտարարում էր Պենտագոնի ղեկավարը։